Մատչելիության հղումներ

Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այսօր թուրքական մամուլում լուրեր տարածվեցին, թե Բելգիան փակել է Թուրքիայում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչությունները:

«Անադոլու» գործակալության հողորդմամբ, Անկարայում Բելգիայի դեսպանատան պաշտոնակատար անձինք հերքել են դեսպանատան և Ստամբուլում տեղակայված հյուպատոսարանի փակման մասին լուրերը:

«Որոշ լրատվականներ հայտնել էին, թե Անկարայում Բելգիայի դեսպանատունը և Ստամբուլի հյուպատոսարանը մարտի 22-ին փակ են եղել: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Մեր դեսպանատունը և հյուպատոսարանը բաց են և շարունակում են սպասարկել Թուրքիայի և Բելգիայի քաղաքացիներին», - ասված է բելգիական դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարությունը Բրյուսելում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել դուրս չգալ փողոց, իսկ Բրյուսել մեկնել ցանկացողներին խորհուրդ է տվել զերծ մնալ ճամփորդությունից:

Իսկ Բելգիայի մայրաքաղաքում անվտանգության ուժերը շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Բելգիական ոստիկանությունը փնտրում է արյունալի ահաբեկչությունը ծրագրելու մեջ կասկածվող անձանց:

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ, ահաբեկչությունից հետո բելգիական ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել նաև Բրյուսելի` թուրքերով բնակեցված թաղամասերում և ձերբակալել որոշ կասկածյալների:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր կրկին անդրադարձել է Բրյուսելի ահաբեկչությանը՝ հայտարարելով, որ Եվրոպան տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում Թուրքիայից բացի այլ գործընկեր չունի:

«Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից: Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա: Եվրոպան անտեսեց այս հանգամանքը և հիմա մեծ ողբերգությունների ենք բախվել: Եվրոպայի անվտանգության համար սա պարտադիր պայման է», - հայտարարել է Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG