Մատչելիության հղումներ

Բրյուսելում տեղի ունեցած պայթյուններն իրականացնողները հարազատ եղբայրներ էին


Խալիդ և Իբրահիմ Ալ Բաքրաուի եղբայրները:

Խալիդ և Իբրահիմ Ալ Բաքրաուի եղբայրները:

Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լյուվը հետաքննության առաջին արդյունքները ներկայացրեց այսօր կեսօրին Բրյուսելում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Բելգիական ոստիկանությունը Բրյուսելում տեղի ունեցած հարձակումներից մեկ օր անց հրապարակել է երկրի պատմության մեջ իրականացված խոշորագույն ահաբեկչության հեղինակների անունները:

«Ինքնասպան ահաբեկիչների ինքնությունը հնարավոր է եղել պարզել նրանց մատնահետքերի շնորհիվ: Բրյուսելում իրականացված հարձակումների հեղինակները հարազատ եղբայրներ էին: Օդանավակայանում իրականացված պայթյունի հեղինակը Բելգիայի քաղաքացի,1986 թվականի հոկտեմբերի 9-ին ծնված Իբրահիմ Ալ Բաքրաուին էր: Rue Max Roos փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվել է նրա համակարգիչը, որում, ի դեպ, հատուկ այս առթիվ ձայնագրված ուղերձ է եղել: Նրա եղբայրը` Բելգիայի քաղաքացի,1989 թվականի հունվարի 12-ին ծնված Խալիդ Ալ Բաքրաուին «Մաալբեկ» կայարանից ոչ հեռու պայթեցրել է Բրյուսելի մետրոյի գնացքներից մեկը: Երկուսն էլ իրավախախտումների բավական մեծ ցանկ են ունեցել ոստիկանությունում գրանցված, սակայն այդ զանցանքներից և ոչ մեկը չի առնչվել ահաբեկչությանը», - հայտարարել է Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լյուվը:

Նրա խոսքով, ոստիկանությունն առայժմ չի կարողացել պարզել օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած Իբրահիմ Ալ Բաքրաուիին երեկ առավոտյան ուղեկցած երկու անձանց ինքնությունը, որոնց ֆիքսել էին «Զավենտեմ» օդանավակայանի տարածքը հսկող անվտանգության տեսախցիկները: Ավելի վաղ, ի դեպ, տեղեկություններ էին հայտնվել, թե նրանցից մեկը դեռ Փարիզի ահաբեկչությունների մեջ կասկածվող Նաջիմ Լաշրաուիին է, ում նույնիսկ հաջողվել էր ձերբակալել: Հետագայում, սակայն, այս տեղեկությունը հերքվեց բելգիական իշխանությունների կողմից:

Բրյուսելում անվտանգության արտակարգ միջոցառումները պահպանվում են: Իշխանությունները խորհուրդ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին խուսափել մարդկային կուտակումներից: Չնայած դրան՝ այսօր կեսօրին հարյուրավոր մարդիկ էին հավաքվել քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում` հարգելու երեկ տեղի ունեցած հարձակումների 31 զոհերի հիշատակը և իրենց աջակցությունը հայտնելու թվով 270 վիրավորներին:

Լրատվամիջոցներն ու փորձագետները ուղղակի զուգահեռներ են անցկացնում Փարիզում 2015-ի նոյեմբերին և երեկ Բրյուսլեում իրականացված հարձակումների միջև: Սա է թերևս պատճառը, որ Բելգիայի իշխանություններին իր աջակցությունը հայտնելու նպատակով այսօր Բրյուսել ժամանեց Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

«Մենք մեկ անգամ ևս ընդունում ենք այն մարտահրավերը, որ մեզ են նետում ահաբեկիչները: Մենք դա արեցինք փետրվարի 1-ի հանդիպման ընթացքում, երբ որոշեցինք համատեղ աշխատանք ծավալել, աշխատանքային հանդիպում անցկացնել Բելգիայի և Ֆրանսիայի կառավարության անդամների և հատուկ ծառայությունների ղեկավարների միջև: Մի քանի շաբաթ շարունակված այդ համատեղ աշխատանքի արդյունքում էր, որ մենք կարողացանք հայտնաբերել փարիզյան հարձակումների կազմակերպիչներից մեկին` Սալահ Աբդեսլամին: Այս համագործակցությունն առաջիկա օրերին և շաբաթներին գնալով խորանալու է: Դրա նպատակը լինելու է մի կողմից Փարիզում և Բրյուսելում կատարված հարձակումների հետաքննությունը, բայց առավելապես՝ նոր ահաբեկչական վտանգների կանխումը: Բացի այդ, մենք ուժեղացրել են հսկողությունը մեր երկրների տարածքում, սահմանների երկայնքով և տրանսպորտում», - հայտարարել է Մանուել Վալսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG