Մատչելիության հղումներ

Դիլիջանի միջազգային դպրոցը «կամուրջ է բոլոր կրոնների և մշակույթների միջև»


Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողներ

Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողներ

Այժմ UWC Դիլիջանի միջազգային դպրոցում սովորում են 187 ուսանողներ՝ 61 երկրից:

Ազգությամբ չեխ 18-ամյա Ալդին Կասերևիչը UWC Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին շրջանավարտներից է լինելու: Մայիսին նա Հայաստանից հայրենիք կտանի ոչ միայն միջազգային կրթական հաստատության բարձրակարգ դիպլոմը, այլև անմոռանալի հուշեր, նոր սովորություններ, լավ ընկերական կապեր: Հարցին՝ ուսման երկու տարիների ընթացքում հայերեն սովորեցի՞ք, պատանին ժպտալով պատասխանում է ՝ «վերի մաչ մի քիչ»:

«Երբ եկա այստեղ, սևեռուն հայացնքերն ու բարևելիս գրկախառնվելն ինձ համար նորություն էին: Սա, որպես հետաքրքիր բացահայտում, հետս կտանեմ Չեխիա, որտեղ մարդիկ այնքան էլ ջերմ չեն շփումներում: Ինձ թվում է՝ գիտելիքներից բացի, սոցիալական շփումների լավ փորձ եմ ձեռբ բերել»,- «Ազատության» հետ զրույցում ասում է Ալդինը:

Այս պահին Դիլիջանի միջազգային դպրոցում սովորում է 187 ուսանող՝ 61 երկրից: Միջազգային դպրոց հիմնադրելու՝ ժամանակին շատ հավակնոտ թվացող նախագիծը, ուսանողների պնդմամբ, արդարացրել է իրեն: Ալդինից բացի, Հայաստանից շուտով կմեկնեն դպրոցի ևս 94 շրջանավարտներ՝ ուսումը աշխարհի հեղինակավոր համալսարաններում շարունակելու համար: Դպրոցի ընդունելության բաժնի ղեկավար Ելենա Շերոզիայից տեղեկացանք, որ աշակերտների «աշխարհագրությունը» մեծացել է՝ գալիք ուումնական տարում բոլոր մայրցամաքներից ավելի քան 80 երկիր ներկայացնող աշակերտներ կգան՝ Դիլիջանի դպրոցում ուսանելու: «Մարդիկ սկսել են ընտրել Հայաստանի Դիլիջանի դպրոցը: 2 տարվա աշխատանքների շնորհիվ կարողացանք այն աշխարհի քարտեզի վրա տեսանլի դարձնել»,- ասում է Շերոզիան:

Պանամացի Էլվին Էսպինոսան մինչ այստեղ գալը, Քիմ Քարդաշյանից ու System of a Down-ից բացի, հայերի մասին ոչինչ չէր լսել: Մեկ տարվա ընթացքում «բարև» ու «շնորհակալություն» բառերից բացի հասցրել է հայկական եկեղեցիների պատմությունն ուսումնասիրել: Ապագա դիվանագետը վստահ է՝ լավագույն փորձառությունը հենց այստեղ է ձեռք բերում՝ շփվելով տարբեր քաղաքակրթություններ, խայտաբղետ մշակույթներ ներկայացնող հասակակիցների հետ:

Լաոսցի մի աշակերտ էլ մեզ ասում է՝ «դժվար թե կարողանաք արտասանել իմ անունը, դիմեք ինձ կեղծանունով՝ ես Ալեքսն եմ»: Ի տարբերություն պանամացի Էլվինի՝ նա առաջին անգամ «Հայաստան» բառը լսել է այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ անցել է UWC-ի միջազգային քննությունը: Լաոսցի երիտասարդը չի ցանկանում դառնալ դիվանագետ, բիզնեսմեն, կամ գիտնական: «Խոհարար դառնալու համար էլ միջազգային դպրոցում ուսանելը պետք կգա»,- կատակում է նա և հավելում՝ այստեղ միայն գիտությամբ չեն զբաղվում, նաև ծանոթանում են գոյատևելու արվեստին:

«Հայ երիտասարդների համար այս դպրոցը օազիս է»,- մեզ հետ զրույցում ասում էին դպրոցի հայ աշակերտները: Լեռնային Ղարաբաղից Տիգրանուհի Խաչատրյանն իր լավագույն երազներում անգամ չէր պատկերացնի, որ երբևէ միջազգային կրթություն ստանալու հնարավորություն կունենա: Հայ երեխաներից մի քանիսն էլ դեռ մի քանի ամիս առաջ իրենց ապագան արտերկրում էին պատկերացնում: Այսօր նրանցից Էդուարդ Հակոբյանը, Մարգարիտա Պարսամյանը և Սիլվա Հովնանյանը խոտովանեցին՝ իրենց տրված հնարավորությունները պետք է ներդնեն սեփական երկիրը զարգացնելու համար: «Իրականում, մինչև էստեղ գալս ես վստահ էի, որ Հայաստան չեմ գալու: Էս հնարավորությունը որ ստացա, վերջ, ամեն ինչ լավ ա լինելու: Որ եկա այստեղ, տեսա մնացածը ոնց են մտածում, մի քիչ արդեն․․․ ընդհանրապես, երբ կողքիդ հայեր չեն լինում, հայրենասիրությունդ մի քիչ կարծես շատանում ա, ավելանում ա: Ու էս մի տարվա ընացքում էդ իմ մեջ կա ու ես արդեն վստահ եմ, որ հետ եմ Գալու Հայաստան», «Բոլորս էլ ուզում ենք հետ գալ ու մեր երկիրը զարգացնել»,- ասում են հայաստանցի երեխաները:

Դիլիջանի միջազգային դպրոցի շենքը

Դիլիջանի միջազգային դպրոցի շենքը

Քաղաքական թեժ իրադարձություններն ու միջազգային հակամարտությունները հաճախ են քննարկման առարկա դառնում ազգերի այս խառնարանում: Ռուսաստանցի Անաստասիա Օսպիովան պատմում է՝ քննարկումներ, հայացքների փոխանակում, անհամաձայնություններ լինում են, սակայն բանավեճը թշնամանքի չի վերածվում: «Իմ մոտ ընկերները Բելառուսից և Ուկրաինացի են: Երբ դու իջնում ես քաղաքական դաշտից, հասկանում ես, որ իրականում մարդկային հարաբերություններում մենք ազգերով իրար շատ նման ենք»,- ասում է նա:

«Քաղաքականությունը դժվար բան է, միշտ չէ, որ իրար հասկանում ենք, բայց ազատ քննարկում ենք ամեն ինչ»,- ասում է 6 տարի Թուրքիայում ապրած հայուհի Մարիամ Գրիգորյանը: Թուրք ուսանող Ջան Ալթունքանի հետ նա հրաշալի հարաբերութուններ ունի: Ջանը խոստովանում է՝ «տարբեր ենք կրոններով, նման՝ տեսակով, ի վերջո, նույն սուջուխն ու բաստուրման ենք ուտում, ինձ ապահով եմ զգում Հայաստանում, կարծում եմ՝ չարժե խորանալ պատմության մեջ, որը շատ դեպքերում սուբյեկտիվ է»:

Դիլիջանի միջազգային դպրոցը, երեխաների պնդմամբ, կամուրջ է բոլոր կրոնների, աշխարհամասերի, մշակույթների, ինչու չէ՝ նաև բնավորությունների միջև: Դրա վառ օրինակներից է այն, որ տարբեր աշխարհամասերում ապրող և լավագույն ընկերուհիներ դարձած մեքսիկուհին ու լիբանանուհին ընդամենը մեկ տարի առաջ չէին էլ պատկերացնի, որ երկուսի նախասիրած երգն էլ նույն հայկական երգն է լինելու:

XS
SM
MD
LG