Մատչելիության հղումներ

Վախճանվել է Գեղամ Գրիգորյանը


Ամբողջ աշխարհում նրան ճանաչում էին որպես 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը:

Աշխարհահռչակ տենոր, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան բոթը անակնկալի է բերել մեր երաժշտական աշխարհի ներկայացուցիչներին:

Ընդամենը մի քանի ամիս առաջ ասուլիսին նա առույգ, աշխույժ, բայց նաև իրեն հատուկ հանդարտությամբ ներկայացնում իր առաջիկա անելիքները օպերային թատրոնում, չհասցրեց․․․ ապրեց ընդամենը 65 տարի:

Դեռ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ժողովրդական արտիստ Սերգեյ Դանիելյանի դասարանում ուսանելու տարիներին 20-ամյա Գեղամ Գրիգորյանը մեծ բեմ բարձրացավ․ 1972-ին հյուրախաղերով մեկնել է Արևմտյան Բեռլին, իսկ 1975-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կատարեց Էդգարի բարդ դերերգը Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում:

Իսկ 1978-ին Միլանի հանրահայտ Լա Սկալա օպերային թատրոնի գեղարվեստական կատարելագործման դպրոցում 4 տարի վերապատրաստվելուց հետո նա աշխատանքի հրավիրվում Լիտվայի օպերային թատրոնում, այնուհետև աշխատում է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) Մարիինյան թատրոնում, իսկ արդեն 90-ականներին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո նրա առջև բացվում են աշխարհի լավագույն օպերային թատրոնների դռները, և նա հանդես է գալիս Քովենտ Գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Լա Սկալա, Փարիզի, Հռոմի, Վիեննայի, Բեռլինի, Մյունխենի և շատ այլ եվրոպական քաղաքների օպերային թատրոններում՝ ճանաչվելով որպես 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը:

«Հայաստանը կորցրեց իր համար առաջին տենորին, մեծագույն երաժշտին, լավագույն քաղաքացուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց դիրիժոր Յուրի Դավթյանը: - «Գեղամը հայ ազգի պատիվը շատ բարձր է պահել: Ես բախտ եմ ունեցել Գեղամի հետ շատ ու շատ ներկայացումներ ղեկավարել թե՛ այստեղ, թե՛ արտերկրում: Նա շատ պահանջված երգիչ էր»:

Գեղամ Գրիգորյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը Հայաստանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, հետո անսպասելի հեռացավ և նույնքան անսպասելի վերադարձավ արդեն անցյալ տարի՝ օպերային թատրոնը ոտքի կանգնեցնելու հաստատ մտադրությամբ:

Հավելենք նաև, որ Գեղամ Գրիգորյանը նկարահանվել է նաև մի շարք ֆիլմ-օպերաներում, ձայնագրվել աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական ստուդիաներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG