Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Հրազդանի քաղաքապետ Դանիելյանի նախընտրական շտաբը մեղադրանքներ են փոխանակում


ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի հանրապետական թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը նույն միջադեպի առնչությամբ դիմել են իրավապահ մարմիններին։

Ընդդիմադիր Փաշինյանը պնդում է, թե երեկ, երբ այցելել է Հրազդանի դպրոցներ, իրեն հետևել ու գաղտնի տեսանկարահանել են։ Պատգամավորը պահանջում է, որ Ազգային անվտնագության ծառայությունը պարզի՝ ովքեր և ինչու են իրեն հետևել։

«Ազգային ժողովի պատգամավորը անձեռնմխելի անձ է, և պետք է հասկանալ` այդ ովքե՞ր են այդպես գաղտնի հետապնդում, հետևում, նկարում», - ասում է Փաշինյանը, - «Եթե հանկարծ պարզվի, որ անողները քաղաքապետարանի աշխատակիցներ են, եթե պարզվի` դա արել են քաղաքապետ Արամ Դանիելյանի հանձնարարությամբ, այդ ժամանակ մենք առիթ կունենանք խոսել Արամ Դանիելյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին»:

Երեկ օրվա 2-րդ կեսին մի քանի լրատվամիջոցներ նամակ էին ստացել Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Դանիելյանի ընտրական շտաբի անունից, որտեղ հեղիանկները պնդում էին, որ Փաշինյանը, ներկայանալով որպես քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, փորձել է ճնշումներ գործադրել դպրոցների տնօրենների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: Նամակին կցել էին լուսանկարներ ու տեսագրություն։

Այսօր Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չընդունեց։ Թեև մեր հարցերը առնչվում էին նախընտրական գործընթացներին, ոչ թե քաղաքապետարանի գործունեությանը, դրանց պատասխանեց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Ալվինա Զաքարյանը։ Վերջինս, խուսափելով տեսախցիկից, պնդեց, թե երեկվա հայտարարությունը ստահոդ է և կապ չունի Արամ Դանիելյանի հետ։ Միևնույն ժամանակ Զաքարյանը հաստատեց, որ Դանիելյանի շտաբն այսօր դիմել է դատախազություն հաղորդագրությունում բերված պնդրումների առնչությամբ, թե Փաշինյանը օրենք է խախտել` դպրոցներում նախընտրական քարոզ իրականցնելով։ Ընդ որում, Դանիելյանի աջակիցները ընդունում են, որ Փաշինյանի այցելությունները տեսալուսանկարահանվել են հենց շտաբի լրատվության պատասխանատուների կողմից։

«Տնօրենների հետ հանդիպել եմ, որովհետև ահազանգեր են եղել Սասուն Միքայելյանի շտաբում, որ ցուցակագրում են մարդկանց, ժողովներ են անում: Ես տնօրենների հետ հանդիպել եմ և իրենց խնդրել եմ, որ առանձնահատուկ ուշադրություն դարձնեն այս ժամանակաշրջանում Ընտրական օրենսգրքի դրույթներին», - պատմեց Փաշինյանը:

Մենք կապվեցինք Հրազդանի երեք՝ թիվ 10, 11 և 13 դպրոցների տնօրենների հետ: Բոլորն էլ հերքեցին, թե Փաշինյանը քարոզ է իրականացրել իրենց դպրոցում։

Ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի խոսքով պատգամավորն անգամ հորդորել է տնօրենին և անձակազմին` չխախտել օրենքն ու ապրիլի 17-ի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ դպրոցում քարոզչություն չանել։

«Ես էլ պատասխանեցի, որ մեզ մոտ դա չի խախտվել երբեք ու չի էլ խախտվելու: Մեզ մոտ նման բան չի կարող լինել: Ես պարոն Փաշինյանին ասացի` ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, ունեմ իմ թեկնածուն: Այդ մասին` ասացի` դարպասից դուրս, աշխատանքից հետո», - հավելեց Հասմիկ Հարությունյանը:

XS
SM
MD
LG