Մատչելիության հղումներ

Գիտնականը պնդում է՝ իշխանի արհեստական բազմացման եղանակը արդյունք չի տվել


Սևանա լիճը
Սևանա լիճը

Վերջին 10 տարիներին պետական միջոցներից մոտ կես միլիարդ դրամ է ծախսվել` Սևանա լիճ 2.5 միլիոն մանրաձուկ բաց թողնելու համար։ Սակայն այսօր Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, գիտնական Բարդուղ Գաբրիելյանը պնդում է՝ այդ միջոցներն էական արդյունք չեն տվել, Կարմիր գրքում գրանցված իշխանը բնական եղանակով չի բազմանում։ Դրա համար չկան պայմաններ։

«Ամեն անգամ բաց են թողնվում, ամեն անգամ վերանում են»,- նշեց նա:

Բարդուղ Գաբրիելյանը նշում է ձկների բնական եղանակով բազմացմանը խանգարող մի շարք խոչընդոտներ։ Չնայած օրենքն արգելում է ձկների վերարտադրություն ապահովող գետերի վրա ՀԷԿ կառուցել, այսօր առնվազն 4 միջին հզորության ՀԷԿ կա, որոնք բնապահպանական նորմերի խախտումներով են գործում և ձկների բազմացման համար անբարենպաստ պայմաններ ստեղծում։

«Այն տեղերում, այն գետերում, որոնք հանդիսանում են անհետացող, վտանգված կամ էնդեմիկ տեսակների համար ապրելավայր կամ բազմացման վայր, այդտեղ արգելվում է որևէ տնտեսական շինարարություն կամ գործունեություն: Արդեն կառուցվածները օրենքի խախտումով են կառուցվել»,- ասաց գիտնականը:

Գաբրիելյանը հավելում է՝ շատ դեպքերում գետերն աղտոտված են, հուները՝ փոխված կամ որսագողերն անարգել մուտք ունեն: «Արհեստական աճեցնելով և բաց թողնելով մենք այդ հարցը չլուծեցինք, այսինքն պետք էր զուգահեռ պահպանության հարցը պատշաճ լուծել»:

Մինչդեռ բնապահպանության նախարարության՝ այս ոլորտի համար պատասխանատու բաժնի պետի տեղակալ, ձկնաբան Նորայր Աբրահամյանը համաձայն չէ գիտնականի պնդումներին, թե ձկների համար կարևոր է բնական վերարտադրությունը։

«Մենք ավելի մեծ գործ ենք անում, մենք ապահովում ենք արհեստական վերարտադրությունը Սևանում»,- ասաց պաշտոնյան:

Նորայր Աբրահամյանի խոսքով՝ պետական միջոցների հաշվին իշխանի արհեստական վերարտադրություն ապահովող գործարան է կառուցվել, որն արդեն պատրաստ է շահագործման։ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, թե պետության համար աշխատող գործարանը հնարավորություն կտա ավելացնել լիճ բաց թողնվող մանրաձկան քանակը, սակայն այս պարագայում էլ հույսը բնական եղանակով վերարտադրության վրա չեն դնի։

«Դա անհնար է, գետերի վրա հույսը դնելու մի տարբերակ կա․ պետք է այդ ավազանի ժողովրդին տարհանենք, սարքենք արգելոց: Իսկ դա անհնար է։ Բնական պայմաններում վերարտադրությունը ուրիշ ձևով հնարավոր չէ»,- ասաց Աբրահամյանը:

Սակայն ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը շեշտում է, որ ձկան վերացող տեսակի՝ իշխանի համար արհեստական բազմացմանը զուգահեռ անհրաժեշտ է նաև բնական վերարտադրությունը։ Դեռ 2․5 տարի առաջ բնապահպանները շրջանառության մեջ են դրել Սևանի ավազանում ՀԷԿ-երի կառուցումն իսպառ արգելող օրենսդրական նախագիծ։ Այն հասել է Ազգային ժողով, սակայն այդպես էլ օրակարգ չի մտնում։ Սևանը սնող գետերի վրա գործող ՀԷԿ-երից մեկը պատկանում է Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի եղբոր ընտանիքին, իսկ Վարդենիս գետի վրա կառուցված ևս մեկ ՀԷԿ կապվում է հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG