Մատչելիության հղումներ

«Մարտի 22-ը սև օր Բելգիայում»


Եվրոպական հանձնաժողովի շենքի դրոշները, ի նշան սգո, իջեցվել են, 22-ը մարտի, 2016թ․

Եվրոպական հանձնաժողովի շենքի դրոշները, ի նշան սգո, իջեցվել են, 22-ը մարտի, 2016թ․

Աշխարհը դատապարտում է ահաբեկչությունը Բրյուսելում։

Սպանվել է առնվազն 3 տասնյակ մարդ

Բելգիայի մայրաքաղաք, Եվրոպական միության ինտեգրման և ՆԱՏՕ-ի կենտրոն Բրյուսելում վաղ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ։

Մահապարտ ահաբեկիչները ռումբերը պայթեցրել են Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում և «Մաալբեկ» մետրոյի կայարանում։ Օդակայանում, ըստ ականատեսների` ամերիկյան ավիաընկերության տաղավարի մոտ ահաբեկիչներն արաբերեն բղավել են «Ալլահ աքբար»` «Աստված մեծ է», ապա գործի դրել են իրենց մարմիններին ամրացրած պայթուցիկները։

Տուժածների թվի մասին ստույգ տեղեկատվություն չկա։ Բելգիայի դատախազությունը հաղորդել է առնվազն 34 զոհի և 187 վիրավորների մասին։

Հայերի շրջանում տուժածների մասին ինֆորմացիա չկա

Բելգիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Երևանի ժամանակով երեկոյան ժամը 5-ի դրությամբ տուժած հայերի մասին տեղեկություն չի եղել, մեկ քաղաքացու ազգականները զանգահարել են այսօր ստեղծված թեժ գծով և ասել, թե անհանգստացած են, քանի որ քաղաքացու հետ կապ չկա, բայց հետագայում, ըստ նախնական տվյալների, հաղորդվել է, որ նա զրուցել է ընտանիքի հետ։

«Մնացեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք»

Բելգիայի իշխանությունը երկրի, ինչպես նաև մայրաքաղաքում տեղակայված Եվրամիության գերատեսչությունների ծառայողներին կարգադրել է մնալ հիմնարկներում։ Բնակիչներին էլ հորդորել են «մնալ այնտեղ, որտեղ այս պահին գտնվում են»։

Չորս օր առաջ Բրյուսելում ոստիկանության հատուկ ջոկատը ձերբակալել է Սալահ Աբդեսլամին, ով համարվում է անցյալ տարի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում 130 մարդկանց սպանդ իրականացրած ահաբեկչական խմբի ղեկավարներից մեկը։

Այս պահին Բրյուսելում ձեռնարկվում են անվտանգության աննախադեպ լրացուցիչ միջոցներ։ Քաղաքում պարեկություն են անում ոստիկանների և բանակի ստորաբաժանումները։ Հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, Բրյուսելը փակ է ժամանող օդանավերի և գնացքների համար։ Երկրի պետական հիմնարկների, ինչպես նաև Եվրամիության շենքերի տանիքներին տեղադրված դրոշները ի նշան սգո խոնարհված են։

«Բոլորին հորդորում ենք լինել զուսպ և համերաշխ»

«Մենք ցավակցություն ենք հայտնում նրանց, ովքեր այսօր կորցրել են իրենց մտերիմներին, սա շատ ողբերգական կացություն է, մենք բոլորին հորդորում ենք զուսպ և համերաշխ լինել այս դժվարին իրավիճակում»,- ասել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը։Նա «ստորություն» է անվանել այսօրվա հարձակումը և ասել, որ «մարտի 22-ը սև օր է Բելգիայի համար»։

Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լեուվը ահաբեկչական հարձակում է անվանել այսօրվա պայթյունները: Նա հավելել է, որ ռումբերից առնվազն մեկը մահապարտ-ահաբեկիչ է պայթեցրել։

«Տխուր օր Եվրոպայի մայրաքաղաքի համար»

Այսօրվա ահաբեկչությանն է անդրադարձել Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

«Սա շատ տխուր օր է Եվրոպա մայրցամաքի և Եվրոպայի մայրաքաղաքի համար, մենք դեռ սպասում ենք առավել հստակ տեղեկությունների Բրյուսելում տեղի ունեցած գրոհների վերաբերյալ։ Բայց ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում բոլորիս տանջող ցավի արմատները նույնն են, և մեզ միավորում է ոչ միայն զոհերի հետ մեր համերաշխությունը, այլև հավաքական արձագանքը այդ գրոհներին, արմատականացումը և բռնությունը կանխելու ձգտումը»,- ասել է նա:

«Հարված ամբողջ Եվրոպային»

«Սա հարված է ամբողջ Եվրոպային»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Ահաբեկիչները հարվածել են Բելգիային, բայց թիրախը Եվրոպան է, բոլորս, մենք հիմա պարտավոր ենք ըմբռնել, թե որքան լուրջ ու մեծ է ահաբեկչության սպառնալիքը»,- ասել է Օլանդը։

Ֆրանսիացիները անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկում, ներքին գործերի նախարար Բերնար Կազենևն ասել է, որ կարգադրել է 1600-ով ավելացնել երկրի տարբեր շրջաններում, այդ թվում սահմանին, օդակայաններում և երկաթուղային կայարաններում պարեկություն անող ոստիկանների թիվը։

«Ահաբեկիչները չեն հաղթի»

Եվրոպական մի շարք երկրներում կառավարություններն արտակարգ նիստեր են գումարել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասել է, որ Լոնդոնը ցավակցություն և համերաշխություն է հայտնում Բրյուսելին, պատրաստ է օգնել բելգիացիներին։

«Մենք հստակ ասում ենք` երբեք ահաբեկիչներին թույլ չենք տա հաղթել»,- հայտարարել է Քեմերոնը։

Ռուսական ԱԳՆ դատապարտում է երկիմաստ ակնարկի լեզվով

Տասնյակ պետությունների ղեկավարներ դատապարտել են Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «նախագահ Վլադիմիր Պուտինը խստորեն դատապարտում է այդ բարբարոսական հարձակումները»։

Մինչդեռ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ «Եվրոպայի կրկնակի ստանդարտների մոտեցումն է հանգեցրել այսօրվա ահաբեկչությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG