Մատչելիության հղումներ

Գասպարիի փաստաբանները կասկածներ հայտնեցին դատավորի հոգեկան առողջության կապակցությամբ


Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան դատարանի դահլիճում: 29-ը փետրվարի, 2016
Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան դատարանի դահլիճում: 29-ը փետրվարի, 2016

Այսօրվա դատական նիստին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը միջնորդեցին, որպեսզի դատավոր Նելլի Բաղդասարյանն անցնի դատահոգեբուժական փորձաքննություն:

«Մեզ մոտ և, կարծում եմ, նաև այս ամենի ականատեսների գերակշիռ մեծամասնության մոտ, իսկապես կասկածներ են առաջացել Ձեր հոգեկան առողջության կապակցությամբ», - նկատի ունենալով դատաքննության ընթացքում Բաղդասարյանի վարքագիծը՝ նրան դիմեց փաստաբան Լուսինե Հակոբյանը: - «Դուցե Դուք ի վիճակի չեք գործը շարունակել և իրապես կարիք ունեք մասնագիտական օգնության: Այս եզրակացությունը հիմնված է վերը նկարագրված հակասական, փոփոխական, անհավասարակշիռ, կոնֆլիկտային, նյարդային և հիստերիկ գնահատվող տարբեր դրսևորումների վրա»:

Դատավորը ընդհատեց միջնորդության հրապարակումը՝ սաստելով․ - «Կոռեկտ եղեք Ձեր արտահայտություններում»:

Նելլի Բաղդասարյանը միջնորդությունը գնահատեց որպես իրեն ուղղված մեղադրանք ու սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ:

Փաստաբան Տիգրան Եգորյանը, մինչդեռ, արդարադատության նկատմամբ ծաղր որակեց դատավորի գործողությունները ու նրան ինքնաբացարկի դիմում ներկայացրեց․ - «Ես կարծում եմ, որ Դուք Ձեր իրական ժամանակահատվածում չեք կյանք եկել»:

Անօրինականությունների շարքում Վարդգես Գասպարիի փաստաբանները շեշտեցին իրենց պաշտպանյալի ներկայությունը նիստերին ապահովելու համար նրան կալանավորելու ու այնուհետև դահլիճից հեռացնելու մասին դատավորի որոշումները:

Եգորյանի խոսքը մի քանի անգամ ընդհատելուց հետո, Բաղդասարյանը նրա նկատմամբ ևս սանկցիա կիրառեց․ - «Կոռեկտ պահեք Ձեզ, պարոն Եգորյան»:

Եգորյանի փոխանցմամբ, դատավոր Նելլի Բաղդասարյանին պատասխանատվության ենթարկելու համար առաջիկա օրերին դիմելու են Արդարադատության խորհուրդ․ - «Միգուցե այն պրոբլեմներից, որոնցով ինքը թաղել է իրեն այս գործի շրջանակներում չգիտակցված գործողությունների, որոշումների արդյունքում, նա, ինձ թվում է, գտնվում է սրացված ստրեսային վիճակում»:

Փաստաբաններն ու Գասպարին հեռացան դահլիճից, ինչը Բաղդասարյանը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, կրկին սանկցիաներ կիրառեց, մերժեց ներկայացված երկու միջնորդությունները ու դատավարությանը Վարդգես Գասպարիի ներկայությունն ապահովելու համար նրան բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Դատավարությունը կշարունակվի վաղը:

XS
SM
MD
LG