Մատչելիության հղումներ

Բելգիայի մայրաքաղաք, Եվրոպական միության ինտեգրման և ՆԱՏՕ-ի կենտրոն Բրյուսելում վաղ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ։

Մահապարտ ահաբեկիչները ռումբերը պայթեցրել են Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում և «Մաալբեկ» անվամբ մետրոյի կայարանում, զոհվել է առնվազն 31 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:

Օդականավակայանում` ամերիկյան ավիաընկերության տաղավարի մոտ, ահաբեկիչներն արաբերեն բղավել են «Ալլահ աքբար»` «Աստված մեծ է», ապա գործի դրել իրենց մարմիններին ամրացրված պայթուցիկները։

Բելգիայի իշխանությունը երկրի, ինչպես նաև մայրաքաղաքում տեղակայված Եվրամիության գերատեսչությունների ծառայողներին կարգադրել է առայժմ չլքել աշխատատեղերը, իսկ բնակիչներին հորդորել են «մնալ այնտեղ, որտեղ այս պահին գտնվում են»։

Չորս օր առաջ Բրյուսելում ոստիկանության հատուկ ջոկատը ձերբակալել է Սալահ Աբդեսլամին, ով համարվում է անցյալ տարի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում 130 մարդկանց սպանդ իրականացրած ահաբեկչական խմբի ղեկավարներից մեկը։ Այս պահին անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում Եվրոպայի բոլոր օդանավակայաններում։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գումարել է արտակարգ նիստ, որին մասնակցում են վարչապետ Մանուել Վալսը, պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը։

Եվրոպայի ղեկավարները խստորեն դատապարտել են այսօրվա ահաբեկչությունը։

«Բելգիան հերթական անգամ ստոր և մահաբեր գրոհի է ենթարկվում»,- հայտարարել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն։

«Սա հարձակում է դեմոկրատական Եվրոպայի վրա»,- հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լովֆենը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը բարբարոսություն է որակել այսօրվա ահաբեկչությունը։​

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Բյուսելում Հայաստանի դեսպանը հետևում է զարգացումներին։

Բալայանը նաև տեղեկացրել է, որ Բրյուսելում Հայաստանի դիվանագետները, քաղաքում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG