Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկահայերը Կոնգրեսին առաջարկել են ԼՂ-ին հատկացնել 5 միլիոն, ՀՀ-ին` 50 միլիոն դոլար


ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի իրավական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի խմբի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք այլ կոնգրեսականների և սենատորների ներկայացրել է 2017 թվականի ԱՄՆ կողմից տրամադրվող արտաքին օգնության շրջանակներում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով հանձնախումբը, նշում է, որ քննարկման ընթացքում ներկայացվել են յոթ հիմնական առաջարկներ հայկական հարցերով հատկացումների առումով:

Առաջարկվում է միջազգային զարգացման համար ԱՄՆ կողմից հատկացվող գումարներից 5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ Ստեփանակերտում բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի զարգացման համար: Առաջարկվում է նաև լիովին կասեցնել Բաքվին տրամադրվող ցանկացած ռազմական օգնություն մինչև Ադրբեջանն առաջնագծից հետ չքաշի դիպուկահարներին և ծանր տեխնիկան, և ի վերջո չիրականացնի Էլիոթ Ինգըլը - էդ Ռոյս բանաձևում ներկայացված քայլերը:

Երրորդ առաջարկն է՝ 40 միլիոն դոլար տնտեսական օժանդակություն տրամադրել Հայաստանին, մասնավորապես նպատակաուղղված երկու երկրների միջև առևտրի և ներդրումային ոլորտների զարգացմանը: Բացի այդ, առաջարկվում է տրամադրել հավելյալ 10 միլիոն դոլար Հայաստանում սիրրիահայերի խնդիրների լուծման նպատակով: Առաջարկներից մեկն էլ առնչվում է Վրաստանին տրամադրվող օժանդակությանը, մասնավորապես նշվում է Ջավախքում աշխատատեղերի ստեղծման նպատակով այդ օգնության 10 տոկոսի տրամադրման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի, վերջին երկու առաջարկներն էլ հետևյալն են` խստացնել 1992 թվականի Ազատության աջակցման ակտի 907 մասը, որն առնչվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության արգելմանը և, ի վերջո, վերջ դնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների մեկուսացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG