Մատչելիության հղումներ

Խորհրդարանական լսումներ՝ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ


Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովի շենքը Երևանում

Ավելի քան վաթսուն հասարակական կազմակերպություններ ու տասը արտախորհրադարանական քաղաքական ուժեր այսօր Ազգային ժողովում կքննարկեն Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ քննարկմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև անհատ գործիչներ, քաղաքացիներ։

«Մենք հնարավորություն ենք ընձեռել, որպեսզի իրենք գան, մասնակցեն, իրենց հուզող հարցերը, հարցադրումները հնչեցնեն՝ սկսած Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից, մինչև Անի Զախարյան՝ «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցություն։ Այս պահին դժվարանում եմ ասել՝ որ անհատներն են ցանկություն հայտնել՝ մինչև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան։ Հրավիրված են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Տիգրան Մուկուչյանը, որպես ոլորտային պատասխանատու, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը», - ասաց Սահակյանը։

Արտախորհրդարանական ուժերից «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այս քննարկմանը հրավիրված չէ: Ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով, հրավիրված լինելու դեպքում էլ իրենք չէին գնա։

«Ինչպես կարող են հրավիրել, մենք բացարձակ հակառակ ենք մեր համակարգային գործընթացներում, ու մեզ չեն կարող հրավիրել։ Մեզ կմերժեին։ Մեր նպատակը՝ արտահերթ ընտրությունների կազմակերպումն է՝ առանց ՀՀԿ-ի», - ասաց Ավետիսյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենց կազմակերպությունից երկուսով են ներկայանալու խորհրդարանական լսումներին:

Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած խնդիրներից մի քանիսին են անդրադառնալու՝ ռեյտիագյին քվեարկությունից մինչև լրագրողների նկատմամբ սահմանափակումներ։

«Ցավոք սրտի, Ընտրական օրենսգրքի նախագիծն այնպիսին չի, որպեսզի մենք կարողանանք խոսել առաջխաղացումների մասին, մենք ստիպված ենք լինելու խոսել ավելի շատ այն նահանջների մասին, որոնք կան Ընտրական օրենսգրքում, օրինակ, դա դիտորդների, վստահված անձանց, լրագրողների նկատմամբ սահմանափակումներն են։ Մենք ակնկալում ենք, որ այդ խնդիրները կունենան լուծում։ Եթե մենք խոսում ենք, որ Ընտրական օրենսգիրքը պետք է ավելացնի հանրային վերահսկողությունը, ապա չի կարող լինել մի այնպիսի Ընտրական օրենսգիրք, որով դիտորդներին ու վստահված անձանց հնարավորություն կլինի հանել տեղամասից», - ասաց Իոաննիսյանը։

XS
SM
MD
LG