Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան» քաղաքական շարժման աջակից մի խումբ կանայք այսօր Հանրապետության հրապարակում բանտարկյալների հագուստով ու շղթաներով լուռ ակցիա անցկացրին՝ պնդելով, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

«Երեկ տվյալներ իմացա, որ Ադրբեջանում 12 քաղբանտարկյալ է ազատ արձակվել, մեզ մոտ ընդհակառակը` ավելացնում են քաղբանտարկյալների թիվը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության հերթական ակցիայի գլխավոր պահանջը Ամանորից կալանավորված Գևորգ Սաֆարյանի ազատ արձակումն է, ով մեղադրվում է ոստիկանի դեմ բռնություն գործադրելու մեջ:

«Երեք ամիս է` Գևորգին պահում են կալանքի տակ՝ անհիմն մեղադրանքով, ոչ մի բան ապացուցված չէ»: «Ցույց տվեցինք, որ մենք չենք հնազանդվում, քանի որ անցյալ օրը մեզ այստեղից տարան, այդ պատճառով մենք նորից վերադարձանք: Սա քաղաքացիական անհնազանդության մի տեսակ է: Մենք ուզում ենք ասել, որ չենք վախենում, դուք մեզ այստեղից տարաք, կարող եք էլի տանել, բայց մենք շարունակելու ենք գալ այնտեղ, որտեղ դուք թույլ չեք տալիս մեզ կանգնել, քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվում: Ես համարում եմ քաղբանտարկյալ Գևորգին, Վոլոդյա Ավետիսյանին, Շանթին և իր ընկերներին և հատկապես Հայկ Կյուրեղյանին»,- ասում էին ցուցարար կանայք:

Ոստիկաններն առաջարկեցին ցուցարարներին ակցիան հրապարակի գորգի հատվածից տեղափոխել շատրվանների շրջակայք, կանայք, սակայն, չհամաձայնեցին՝ նստելով գետնին:

«Ստեղ ակցիա անել չի՛ կարելի: Կանացի վերաբերմունք չեք ցուցաբերում, դուք ձեզ կանացի չեք պահում: Հայ կնոջ կերպարի մեջ չեք պահում ձեզ։ Եթե դուք արհամարհում եք ոստիկանի ասածը, դա պատիվ չի բերում»,- ասում էր ոստիկանության ներկայացուցիչը:

Ակցիան այլ տեղում անցկացնելու առաջարկը մերժելուց հետո «Հայ կանանց ճակատի» 8 անդամներին ոստիկանները տարան բաժին՝ հարկադրաբար մեքենան նստեցնելով:

«Անհարմար է, դուք կին եք, տղամարդուն պետք չէ դիմադրել»,- նախատում էին ոստիկանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG