Մատչելիության հղումներ

Դատարանը Նադեժդա Սավչենկոյի պատժաչափը կհրապարակի վաղը


Նադեժդա Սավչենկոն դատարանում, 21-ը մարտի, 2016թ․

Նադեժդա Սավչենկոն դատարանում, 21-ը մարտի, 2016թ․

Ռուսական դատարանն ասօրվանից սկսել է հրապարակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դատավճիռը: Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանի դատավոր Լեոնիդ Ստեպանենկոն առայժմ հրապարակել դատավճռի նախաբանն ու նկարագրական մասը:

Ըստ դատավճռի՝ ապացուցվել է Նադեժդա Սավչենկոյի մեղքը երկու ռուս լրագրողների՝ Իգոր Կոռնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության գործով:

«Սավչենկոն իրականացրել է Կոռնելյուկի և Վոլոշինի սպանությունը՝ այսինքն դիտավորյալ պատճառել է մահ՝ ատելության և թշնամանքի շարժառիթով»,-ասել է դատավորը:

Ըստ դատավճռի շարադրանքի, «Սավչենկոն տածել է ատելություն և թշնամանք՝ Լուգանսկի ժողովրդավարական հանրապետության խաղաղ բնակիչների նկատմամբ»: Ապա դատավորը հրապարակել է դատավճռի այն հատվածը, ըստ որի՝ Սավչենկոն ապօրինի հատել է Ռուսաստանի սահմանը:

Մեղադրողը պահանջել էր երկու ռուս լրագրողի սպանության և Ռուսաստանի սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Նադեժդա Սավչենկոյին դատապարտել 23 տարվա ազատազրկման:

Դատավորի՝ այսօր հրապարակած դատավճռի մեջ նշված է, թե «մեղադրող կողմի ապացույցները տրամաբանված են, հաստատված են գործի նյութերով և բավարար են ամբաստանյալին մեղավոր ճանաչելու համար»: Նախատեսվում է, որ դատավորը Սավչենկոյի դատավճռի եզրափակիչ մասը՝ պատժաչափի ժամկետը կհրապարակի վաղը:

Սավչենկոն դատավճռի հրապարակման պահին ժպտում էր:

Ուկրաինացի օդաչուն կտրականապես հերքում է մեղադրանքը` այն որակելով բացառապես քաղաքական: Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը հայտարարել է, որ իր պաշտպանյալը մտադիր է կրկին սկսել չոր հացադուլը, եթե իրեն չտեղափոխեն Ուկրաինա:

Փաստաբանն ասել է, որ Սավչենկոն չի պատրաստվում վերաքննիչ բողոք ներկայացնել, քանի որ չի հավատում Ռուսաստանում արդարադատության իրականացման հնարավորությանը: «Սավչենկոն չի պատրաստվում ձգձգել ժամանակը, և միակ նպատակն է վերադառնալ Ուկրաինա»,- ասել է փաստաբանը՝ վկայակոչելով Սավչենկոյի հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները:

«Անմեղ մարդը չպետք է նստի բանտում»,- նաև ասել է փաստաբանը:

Ուշագրավ է, որ Դոնեցկում այսօր ուժայիններն աննախադեպ խստացված հսկողություն են իրականացրել, դիպուկահարներ են տեղակայվել տանիքներին: Դատավարությանը մասնակցելու նպատակով Ռուսաստան մեկնած ուկրաինացիներին թույլ չեն տվել մուտք գործել երկիր՝ նրանց համարելով «անցանկալի անձ»:

Դատավճռի եզրափակիչ մասը լսելու նպատակով Ռուսաստան են մեկնել Պետրո Պորոշենկոյի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն և Դոնեցկի ու Լուգանսկի հարցերով խաղաղ բանակցությունների հարցերով Պորոշենկոյի ներկայացուցիչ Իրինա Գերաշենկոն, բացի այդ՝ ուկրաինական Ռադայի մոտ մեկ տասնյակ պատգամավորներ: Սակայն Դոնեցկի դատարանի անվտանգության ծառայության ներկայացուցիչներն արգելել են ուկրաինական պատվիրակության մուտքը նիստերի դահլիճ: Այս տեղեկությունը Интерфакс-ին փոխանցել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG