Մատչելիության հղումներ

logo-print

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի խոսքով, ապօրինի անտառահատները հիմնականում գյուղացիներն են:

Մաթևոսյանի հրապարակած տվյալներով, ծառահատումների թիվն էապես նվազել է․ եթե 1990-ականներին տարեկան ապօրինի հատվում էր շուրջ 45 հազար ծառ, ապա այսօր՝ ընդամենը 2 հազար:

Հայաստանի շուրջ 330 հազար հեկտար անտառածածկ տարածքի պահպանության համար պատասխանատու պաշտոնյան, սակայն, պնդում է, որ ապօրինի անտառահատումները շարունակում է մնալ իրենց հիմնական խնդիրը, իսկ մեղավորը, ըստ նրա, գյուղացին է:

«Ապօրինի անտառօգտագործման 90 տոկոսը սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված հատումներ են», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Մաթևոսյանը:

Արդեն երկրորդ տարին Հայաստանի անտառներում հասարակական մոնիտորինգ իրականացնող Համայակական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Անի Խաչատրյանը պնդեց, թե ապօրինի ծառահատումները հիմնականում բիզնես նպատակներ են հետապնդում․ - «Հաստաբուն՝ մինչև 90 սանտիմետրանոց հաճարենիները կտրած, մեկ երրորդը ընդամենը վերցրած, մնացածը, որը իրենց պետք չի եղել, թողած․․․ Ամբողջ անտառում այնքան վառելափայտ կա, որ գյուղացին պետք է ուղղակի հիմար լինի, որ գնա ու փոխանակ վերցնի գետնին ընկածը, ռեսուրս ծախսի և հսկայական ծառը տապալի, մեքենաներ բերի, որպեսզի դա տանի ու վառի»:

Խաչատրյանը հայտարարեց, որ անցյալ տարվանից ի վեր իրենց տասնյակ ահազանգերից միայն չորսի դեպքում է քրեական գործ հարուցվել, և պատասխանատվության ենթարկվել են ցածր օղակի ներկայացուցիչները․ - «Այսինքն անտառապահներ, մաքսիմում՝ անտառապետ կարող է աշխատանքից հեռացվի: Եթե գյուղացիները շրջակա ամբողջ անտառից օգտվեին վառելափայտի համար, անտառը միևնույն է այս կարգի ավերված չի լինի: Այս ամեն ինչը մեծ բիզնես է․ ո՛չ ոստիկաններին է ձեռք տալիս, որ դա բացահայտվի, ո՛չ անտառտնտեսության տնօրենին, ո՛չ էլ Բնապահպանության նախարարությանը»:

Նա «Հայանտառ»-ի տնօրենին հիշեցրեց, որ վերջերս Բնապահպանական ճակատը զանգվածային ապօրինի ծառահատման դեպքեր էին տեսանկարահանել Սյունիքի մարզում: Ի պատասխան Մարտուն Մաթևոսյանը հայտարարեց․ - «Հարուցված է քրեական գործ, ազատված են աշխատանքից և՛ անտառապետը, և՛ անտառապահները․․․ Վերջին կադրերը «Հայանտառ»-ի տարածքների հետ որևէ կապ չունի: Ներկայացվեց որպես Կապանի անտառտնտեսության տարածք․․․ Դրանք ականապատված տարածքներ են եղել: Ես մտածում եմ, որ դա հենց ականազերձման նպատակով է հատվել»:

Մաթևոսյանը նաև հորդորեց գնահատել իրենց կատարած աշխատանքը, իսկ ապօրինի ծառահատումներ իրականացնողների շարքում գործարարների անուններ չփնտրել:

Նշենք, որ նույն «Հայանտառ»-ի տվյալներով, վերջին տարիներին ապօրինի հատումների թիվն ավելացել է․ եթե 2014-ին ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 1043, 2015-ին այդ ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է:

XS
SM
MD
LG