Մատչելիության հղումներ

Հալեպում սիրիական բանակի հայազգի զինվոր է զոհվել


Հալեպ․ ռմբակոծությունից հետո, արխիվ:

Հալեպ․ ռմբակոծությունից հետո, արխիվ:

22-ամյա Գևորգ Մկրտչյանը զոհվել է երեկ Հալեպի արդյունաբերական շրջան մտնելու փորձ ձեռնարկած իսլամիստ ահաբեկիչներին հետ մղելու գործողությունների ժամանակ:

«Ազատության» հետ զրույցում Հալեպում լույս տեղնող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը փոխանցեց, որ զոհվածը սոցիալապես անապահով ընտանիքից էր․ - «Խեղճ ընտանիք է, նյութապես դժվարություններին մեջ են»:

Չնայած հրադադարին, վերջին օրերին Հալեպն արդեն երկրորդ անգամ է հրետակոծվում․ երկու օր առաջ ռմբակոծություն թիրախ էր դարձել Նոր գյուղ հայկական թաղամասը․ զոհվել էր 61-ամյա հայ կին, կային վիրավորներ:

«Դադարը արդյունք չտվեց», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց հալեպաբնակ Մայդա Բակկալյանը, ում բնակարանից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ էին պայթել ռումբերը, և հավելեց, որ իրենք, այդուհանդերձ, հույսը չեն կորցնում:

Զարմիկ Պողիկյանն ընդգծեց, որ գրոհները ձեռնարկած ու հրադադարը խախտած խմբավորումը՝ «Իսլամական պետությունը», զինադադարի մեջ ներառված խմբավորում չէ:

Նա նաև փոխանցեց, որ հրադադարի շնորհիվ աստիճանաբար փոխվում է Հալեպի վիճակը՝ այն թաղամասերում, որոնք ամբողջությամբ սիրիական բանակի վերահսկողության տակ են, մասնակիորեն վերականգնվել են ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, հայկական թաղամասերում վերաբացվել են խանութներն ու արհեստանոցները: Սակայն շատ խանութներ ու գործարաններ, որոնք գտնվում են զինյալ խմբավորումների վերահսկողության տակ և հինգ տարի ի վեր չեն գործում, մեծ մասամբ կողոպտված են:

Հալեպի բոլոր հայկական եկեղեցիներում երեկ նշվել է Ծաղկազարդը: Բակկալյանի փոխանցմամբ, վաղ առավոտից մինչև պատարագի վերջը սիրիական բանակը հերթապահություն էր սահմանել բոլոր եկեղեցիների բակերում:

XS
SM
MD
LG