Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հավաքին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

«Օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016 թվականի Զինված ուժերի գործունեության և պատրաստության պլանի համաձայն և նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական և գործնական ունակությունները, ռազմավարական և օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին: Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը:

«Ընթացիկ հավաքի կարևորությունը պայմանավորում եմ առաջին հերթին այն հանգամանքով, որ այն անցկացվում է Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող արտաքին զարգացումների և մեր պետության ներքին կյանքում, կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների փուլում, մի շարք կարևոր գործընթացների ավարտին և զարգացման նոր շրջափուլի մեկնարկին, ինչը մեզանից յուրաքանչյուրից նոր մոտեցումներ և նոր ջանքեր է պահանջում», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է անցյալ տարեվերջին կայացած հանրաքվեի արդյունքում Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին և կարևորել օպերատիվ հավաքների ընթացքում քննարկումը, թե ինչպիսին են նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավանական սպառնալիքների կանխման նպատակով կատարված բարեփոխումները:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է «նաև անցյալ տարի շփման գծում արձանագրված էսկալացիային, ինչպես նաև իրավիճակին Հայաստանի մերձատարածքում, այդ թվում՝ Սիրիայում և Ուկրաինայում»:

«Տարեվերջին Զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարևոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ: Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ», - ասել է նախագահը և մի շարք այլ առաջարկություններ ներկայացրել ու համապատասխան ցուցումներ տվել օպերատիվ հավաքների մասնակիցներին:

Սարգսյանը ներկաներին մաղթել է արգասաբեր աշխատանք ու ակտիվ մասնակցություն օպերատիվ հավաքներին և պատասխանել հավաքի մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վիճակին, սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին, դաշնակից պետությունների հետ համագործակցության ընթացիկ հարցերին, ազատամարտիկների, վետերանների և զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG