Մատչելիության հղումներ

logo-print

Վանաձորում արդեն հաշվի են առնում նոր ԸՕ-ի նախագծի պահանջները


Տեսարան Վանաձորից, արխիվ

Տեսարան Վանաձորից, արխիվ

Ապագա օրենսգրքի հանդեպ, սակայն, կուսակցությունները տարբեր մոտեցումներ ունեն:

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը թեև խորհրդարանի կողմից դեռ չի հաստատվել, սակայն, կուսակցություններն ամիսներ անց Վանաձորում և Լոռու մարզի այլ համայնքներում կայանալիք տեղական ընտրություններին նախապատրաստվելիս արդեն իսկ հաշվի են առնում նախագծի պահանջները:

Հիշեցնենք՝ ըստ ԸՕ նախագծի, Վանաձորում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրություններ են լինելու, իսկ ավագանու ընտրությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով: Ընդ որում, 21-ի փոխարեն ընտրվելու են ավագանու 33 անդամներ:

Վանաձորի գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանը դեռ չգիտի՝ արդյո՞ք ՀՀԿ-ն կառաջադրի իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, բայց մի հարցում վստահ է՝ քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո էլ կշարունակի մնալ հարազատ կուսակցության կողքին:

«Իհարկե, ես միշտ Հանրապետական կուսակցության հետ եմ, կուսակցության գաղափարակիրն եմ, որտեղ իմ կուսակցությունն է, այնտեղ եմ և ես: Անկախ նրանից՝ քաղաքապետի պաշտոնին ես կառաջադրվեմ, թե՝ ոչ, կուսակցությանս հետ եմ, ժողովրդիս համար»,- ասում է Դարբինյանը:

Նա համոզված է՝ նոր ԸՕ-ի նախագծի ընդունումից հետո պատահական մարդիկ չեն կարող հայտնվել քաղաքապետի պաշտոնին: «Կուսակցությունները շատ լուրջ մոտեցումներ կտան, և նոր ընտրյալ համայնքապետերը կլինեն արժանի իրենց պաշտոնին: Ես չեմ կարծում, որ եթե մարդը հասարակական կազմակերպության անդամ չի, եթե կուսակցական չի, եթե նման զարգացումներ չի ունեցել, կարող է գա և համայնք ղեկավարի»,- շարունակում է գործող քաղաքապետը:

«Ժառանգություն» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Գառնիկ Սահակյանը, մինչդեռ, թերահավատ է իշխանության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների հանդեպ: «Ժողովուրդը ընդդիմադիր թեկնածուին ա ընտրելու, բայց էնքան լցոնումներ են անելու․․․ պրակտիկան, կյանքը ցույց ա տալի, որ ՀՀԿ-ն առանց կեղծիքի չի կարող իշխանություն վերցնել»,- ասում է Սահակյանը:

Այդուհանդերձ, ընդդիմադիր այս կուսակցությունը պատրաստվում է առաջիկա ընտրություններին, ավագանու անդամների թեկնածուների ցուցակն էլ դեռևս ձևավորման փուլում է: «Եկել ենք էն որոշման, որ եթե կուսակցություն ա, պետք է մտնի պայքարի մեջ, բնականաբար: Եթե էսօր մենք ներկայացնենք ավագանու էն ցուցակը, որ իմ մտքում կա, սաղ քաղաքը կարող ա շոկի մեջ ընկնի, դրանք ազնվագույն երիտասարդներ են»,- ասում է «Ժառանգության» տարածքային կառուցի ղեկավարը:

Նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային գրասենյակի պատասխանատու Հայկազ Սիմիկյանի կարծիքով էլ, նոր Ընտրական օրենսգիրքը կաշխուժացնի կուսակցական կյանքը Վանաձորում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա շեշտեց՝ անկախ հանգամանքից, թե ընտրություններն ինչ կարգով կանցկացվեն, իրենք կմասնակցեն ոչ միայն Վանաձորում, այլև մյուս համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

«Մեր համար էական տարբերություն չկա՝ կլինեն անհատով, թե կուսակցական ցուցակով ավագանիները, որովհետև մենք, ամեն դեպքում, պատրաստվում ենք պարզապես լուրջ զբաղվել էդ ամեն ինչով: Կլիներ անհատական թեկնածու, թե կլինի կուսակցական ցանկով, կպաշտպանենք մեր թեկնածուին: Երկու դեպքում էլ պատասխանատվություն ենք կրում մեր արածների համար, մեր ստացած ձայների համար և հետագայում մեր կատարած քայլերի համար»,- ասում է «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG