Մատչելիության հղումներ

Մահացած զինվորի մայր․ «Ինձնից չեն պրծնելու, կամ թող մորն էլ սպանեն, պրծնեն»


Գոհար Սարգսյանը վճռական է 9 տարի առաջ բանակում մահացած իր որդու մահվան հանգամանքներն ու մեղավորներին բացահայտելու հարցում
Գոհար Սարգսյանը վճռական է 9 տարի առաջ բանակում մահացած իր որդու մահվան հանգամանքներն ու մեղավորներին բացահայտելու հարցում

Օհանջանյան ամուսիններին տարիներ շարունակ չի հաջողվում պարզել իրենց զինվոր որդու մահվան պատճառներն ու մեղավորներին:

Արդեն 9 տարի է՝ Օհանջանյան ամուսինները չեն կարողանում պարզել՝ ի՞նչ պատճառով և ո՞ւմ մեղքով մահացավ բանակում ծառայող իրենց որդին՝ Տիգրանը: Տարիների ընթացքում անցել են երկրի դատաիրավական համակարգի ամենատարբեր օղակներով ու ատյաններով․ այդ ժամանակամիջոցում ոչ միայն գործը քննող դատարաններ ու դատավորներ են փոխվել, այլև քննիչներ ու փորձագետներ: Որդեկորույս ծնողները, սակայն, այդպես էլ չեն ստացել իրենց տանջող գլխավոր հարցերի պատասխանը:

Մայրը՝ Գոհար Սարգսյանը, օրեր առաջ է հանդիպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Իր խոսքերն էին՝ այս բոլոր գործերն իմ հսկողության տակ են: Անցյալ օրը հիշեցրել եմ՝ պարոն Օհանյան, սա՞ էր ձեր հսկողությունը»:

Տարիներ առաջ Վճռաբեկ դատարանը հերքել էր քննություն իրականացնող մարմնի նախնական վարկածը, թե 19-ամյա երիտասարդը մահացել է էլեկտրահարման հետևանքով՝ գործն ուղարկելով լրացուցիչ քննության։ Անցած դեկտեմբերին Քննչական կոմիտեն որոշել է կարճել գործը՝ դա հիմնավորելով հանգամանքով, թե իրեղեն ապացույցները չեն պահպանվել ու չի պարզվել, թե գործում ում պետք է ներգրավեն որպես մեղադրյալ։

Ցայժմ չպարզված հանգամանքներում մահացած Տիգրանի ծնողները հիմա էլ բողոքարկում են քննությունը կասեցնելու՝ Քննչական կոմիտեի որոշումը։ Երեկ նրանք դատարան էին բերել փաստաթղթեր, նկարներ՝ դարձյալ պնդելով, որ իրենց որդու մարմնի վրա խոշտանգումների հետքեր են եղել:

«Տեսնու՞մ եք՝ ոնց են տանջել տղուս, ասում ա կեղտ ա եղել, մաքրել ենք, անցել ա: Մյուս նկարներում ավելի պարզ երևում ա քունքին խփած հարվածը, աչքի տակը: Դե ապացուցեք՝ ձենս կտրեմ»,- ասում է որդեկորույս մայրը: Տիկին Գոհարը վստահեցնում է, որ անցած 5 տարիների ընթացքում գործի քննության վերաբերյալ որևէ տեղեկություն չեն կարողացել ստանալ: «Մեզ նյութեր չեն տրամադրել: Ոչնչից տեղյակ չենք՝ ինչ են անում, ինչ են արել, ոնց են լափում իմ երեխու արյունը էս երիտասարդները»,- ասում է Տիգրանի հայրը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը երեկ բավարարեց գործը կարճելու դեմ Տիգրանի ծնողների ներկայացրած բողոքը: Քննությունը կշարունավի, սակայն տիկին Գոհարը առանձնապես ակնկալիքներ չունի:

«Էս գործով չեն կարող մարսել իմ տղայի արյունը: Կոկորդներին լյարդացած է՝ թե՛ դատախազության, թե՛ քննչական մարմինների, թե՛ իշխանության: Միևնույն ա՝ ես հասնելու եմ նրան, որ մեղավորն իր պատիժը կրի: Ես իմ երեխուն հետ չեմ կարող բերել, բայց արդարադատությունը հետ եմ բերելու: Թող հասցնեն նրան, որ այ սենց դնեն ճակատիս՝ գնդակահարեն ու ասեն՝ վերջապես էս զինվորի մորից պրծան: Սպանել են երեխուն, մորն էլ սպանեն, պրծնեն: Չեն պրծնելու: Ինձանից պրծում չկա»,- ասում է մահացած զինվորի մայրը:

Տարիներ շարունակ այս գործի քննությանը հետևած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է՝ զինվորական դատախազությունը շահագրգիռ չէ գործի բացահայտմամբ: «Սա ուղղակի բողոքի ձայնը լռեցնելու ինչ-որ ժամանակավոր մեխանիզմ է: Բազմիցս վերսկսել են այդ գործը, զինդատախազ Կոստանյանն է դա ժամանակին վերսկսել՝ կեղծիք համարելով դեպքի վայրի զննության արձանագրությունը, հետո հրաժարվել է իր ասածից: Ժամանակը ցույց է տվել, որ զինդատախազությունը չի բացահայտում մահվան դեպքերը, առավել ևս, որ այստեղ շրջանառվում է գեներալ Հայկազ Բաղմանյանի անունը: Ինչքա՞ն կարելի է այդ մահվան դեպքերը թողնել էդ վիճակում և անպատժելիության մթնոլորտը պահպանել բանակում»,- «Ազատության» հետ զրույցում հարց է հնչեցնում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Ամիսներ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չէր բացառել, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու համար խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի։ Մինչ այժմ, սակայն, պատգամավորները զբաղված են միայն տեղեկություններ հավաքելով և յուրաքանչյուր գործի մասին ծնողներին տեղեկանքներ ներկայացնելով, ինչը որդեկորույս մայրերին չի գոհացնում: Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ևս չի բավարարում այս մոտեցումը. «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ շարունակելու է հետամուտ լինել հատուկ հանձնաժողով ստեղծելու ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG