Մատչելիության հղումներ

«Գազպրոմ Արմենիա»-ի մեղքով տուժած ընտանիքի հարցը տարիներով չի լուծվում


Պետրոսյանների՝ «Գազպրոմ Արմենիա»-ի գազատարի պայթյունից ավերված տունը
Պետրոսյանների՝ «Գազպրոմ Արմենիա»-ի գազատարի պայթյունից ավերված տունը

Ընկերությունից ընդամենը հայտնում են՝ կրած վնասների դիմաց պահանջվող փոխհատուցումը կվճարեն միայն դատարանի համապատասխան վճռի դեպքում:

Այնթափ գյուղի բնակիչ Արտակ Պետրոսյանը հաշմանդամ է դարձել տան կողքով անցնող գազատարի հզոր պայթյունի հետևանքով։ Նրա 8 հոգուց բաղկացած ընտանիքն արդեն 3 տարի անօթևան է։ Այժմ հղի կնոջ, մանկահասակ երեխայի, ծնողների, քույրերի ու եղբոր ընտանիքի հետ նույն գյուղում վարձակալած տանն են ապրում։

Մինչ օրս բազմաթիվ դռներ են ծեծել՝ փորձելով իրավական ճանապարհով փոխհատուցում ստանալ իրենց վնաս պատճառած ընկերությունից՝ «Գազպրոմ Արմենիա»-ից։ «Ընտանիքս 8 հոգի ա, էսօր հարսն էլ հղի ա, շուտով 9 հոգի կլինենք։ Ամեն ինչ անում են, որ էս հարցին լուծում չտրվի։ Բոլորին դիմել ենք, նախագահականից բռնած, վարչապետին էլ ենք ասել։ Չգիտես ինչու, բոլորի ականջները փակ են»,- ասում է Արտակ Պետրոսյանը։

Դեպքից միայն 4 ամիս անց են քրեական գործ հարուցել, այն էլ՝ տուժած ընտանիքի պահանջով։ Փորձագետներն ուսումնասիրել և առանձնատունը համարել են 4-րդ կարգի վթարային ու բնակության համար ոչ պիտանի։ Դատաբժիշկները հաստատել են, որ ընտանիքի բոլոր անդամները վնասվածքներ են ստացել, բայց միայն խորը այրվածքներ ունեցող Արտակ Պետրոսյանին են տուժող ճանաչել: Բժիշկները դժվարությամբ են փրկել նրա կյանքը։ Միայն դրանից հետո են վերջինիս վնասվածքները որակվել կյանքին վտանգ սպառնացող ու ծայրահեղ ծանր։

«Դեպքից հետո հղի հարսը ուշագնաց ա եղել, ու դատաբժիշկն էլ դա արձանագրել ա, որ մարմնի վրա կապտուկներ կան, արյան զեղումներ կան: Մի խոսքով, լավ վնասվածքներ ա ստացել, ու էդ ամեն ինչից հետո իրան գրել են, որ թեթև մարմնական վնասվածքներ են պարունակում։ Փողոցում մեկին բռնես՝ աչքի տակը կապտացնես, ոստիկանությունը կասի ծանր մարմնական վնասվածք ես հասցրել, բայց իրա դեպքում, չգիտես ինչու, ոչ մի բան չեն արել»,- շարունակում է Պետրոսյանը։

Փորձագետները հաստատել են, որ գազի արտահոսքն ու պայթյունը տեղի են ունեցել ստորգետնյա պոլիէթիլենային գազատարի վնասման հետևանքով։ Փորձագիտական եզրակացության մեջ նշված է. «Խողովակաշարի մոնտաժման աշխատանքները կատարվել են խախտումներով։ Դրա հետևանքով տեղի է ունեցել կյանքին վտանգ սպառնացող պայթյուն, ինչի պատասխանատվությունը կրում են խողովակաշարը մոնտաժող և շահագործող կազմակերպությունները»: Խոսքն այս դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ի ու վերջինի հետ պայմանագիր կնքած շինարարական կազմակերպության մասին է։

Դատական գործին կցված մի փաստաթղթով դեռ 2008 թվականին գազամատակարարը «լավ» է գնահատել շինարարի աշխատանքն ու առանց առարկությունների ընդունել պոլիէթիլենային խողովակաշարը, որը տարիներ անց պայթել ու անօթևան է դարձրել բազմանդամ ընտանիքին։ Փաստաթուղթը ստորագրել են գազամատակարար ընկերության Արտաշատի տեղամասի պետի տեղակալները։

«Էս մարդիկ ընդունել են «լավ» գնահատականով։ Քննիչը, սակայն, գործ ա առանձնացրել, շինարարին են բերել մեյդան, կոպիտ ասած, ուզում են բարդեն շինարարի վրա։ Եթե շինարարը լավ չէր քաշել, չընդունեիք «լավ» գնահատականով ու շահագործեիք 5 տարի։ Հիմա ի՞նչ՝ վնաս եք տվել, ուզում եք գումարը գցեք շինարարի վրա՞»,- տարակուսում է քաղաքացին։

Տուժող ճանաչված Արտակ Պետրոսյանը համաձայն չէ փորձագետների այն եզրակացությանը, թե գազի պայթյունն իրենց պատճառել է ընդամենը 10 միլիոն դրամի վնաս։ Դատարան են դիմել ու «Գազպրոմ Արմենիա»-ից պահանջում են 4 անգամ ավելի՝ մոտ 40 միլիոն դրամ։ «Ես ունեմ փաստաթուղթ, որ հաշմանդամ եմ, թող ինձ տանեն, բուժեն։ Ունեմ փաստաթուղթ, որ միլիոն 200 հազար դրամ ծախսել եմ։ Ի վերջո՝ բարոյական վնաս։ Մեկին փողոցում բռնում-հայհոյում են, դատի ա տալիս, ասում՝ բարոյական վնաս, 2 միլիոն դրամ տուր։ Իմ ընտանիքի էս ապրումներն ուրեմն չարժե՞ բարոյական վնաս։ Ասում են՝ էդ ինստիտուտը չի գործում, դե կներեք, ստեղ չի գործում, Եվրոպայում գործում ա»։ Պետրոսյանի մայրը հավելում է՝ «Այսօր «Գազպրոմ»-ն աջ, ձախ լսում ենք, որ բարեգործություններ ա անում, 45 հազար գիրք բարեգործության ա տվել։ Իսկ իմ աղջիկը, որ էսօր 12-րդ դասարանում ա, ավարտում ա, ես գումար չունեմ Շտեմարան գնելու»։

«Գազպրոմ Արմենիա»-ից նախագահականի վերահսկողական ծառայության հարցմանն ի պատասխան, չափազանց մեծ են համարել հայցվորի պահանջած 40 միլիոն դրամ գումարն ու նշել, թե պատրաստ են փոխհատուցման՝ դատարանի վճռից հետո միայն։ Տուժած ընտանիքի անդամներն ասում են, որ իրենք էլ են անհամբեր սպասում դատարանի վճռին, սակայն, առաջին ատյանի դատարանն արդեն 2 տարի է, ինչ «անհիմն ու միտումնավոր» հետաձգում է նիստերը։

«Էս գործը, որ ընդամենը 4 հատոր ա, քննելու բան էլ չկա, ամեն ինչ պարզված ա, որ իրենց մեղքով ա։ Ամեն անգամ, «Գազպրոմ»-ի իրավաբանը չի գալիս, մեղադրվողներից մեկը հիվանդ ա։ Էն մի անգամ դատախազն էր հիվանդ, էս անգամ էլ գնացինք ամսի 14-ին դատական նիստի, մարդը զանգել ա, ասում ա` երեխա եմ ունեցել, չեմ կարա գամ։ Էս ամեն ինչը երևի իրանք միտումնավոր են անում, որ հիմա էլ դատարանը որոշի, որ անհարգելի ա բացակայում դատախազը, դատախազ փոխեն, որ նոր դատախազը գա, ասի` գործին ծանոթանամ, մի երկու ամիս էլ էդպես ձգեն»,- գանգատվում է Արտակ Պետրոսյանը ։

Նա ընտանիքի մյուս անդամների հետ անգամ դիմել է բողոքի ծայրահեղ միջոցի՝ գիշերներ է լուսացրել նախագահականի դիմաց։ Սակայն, անօգուտ՝ արդեն երկու տարի ձգձգվող դատական գործը տեղից չի շարժվում։ «Գազպրոմ Արմենիա»-ից «Ազատությանը» ասացին, թե որևէ մեկնաբանություն չունեն, քանի դեռ դատարանը վճիռ չի կայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG