Մատչելիության հղումներ

Դոնի Ռոստովում Boeing 737-800 օդանավի վթարի հետևանքով 62 մարդ է զոհվել


Նկարում պատկերված է ինքնաթիռի անկման վայրը, անկումից վարկյաններ առաջ, Դոնի Ռոստով, 19-ը մարտի, 2016թ․

Նկարում պատկերված է ինքնաթիռի անկման վայրը, անկումից վարկյաններ առաջ, Դոնի Ռոստով, 19-ը մարտի, 2016թ․

Զոհվածների նախնական ցուցակում հայկական անուններ չկան: Սերժ Սարգսյանը ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին:

Այսօր վաղ առավոտյան աղետի է ենթարկվել Դուբայից Դոնի Ռոստով թռչող՝ FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 մարդատար օդանավը: Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 62 մարդիկ, այդ թվում՝ 55 ուղևորները և անձնակազմի 7 անդամները: Զոհերի թվում չորս երեխա կա:

Նախնական վարկածներով, աղետի պատճառ կարող են դարձած լինել տեխնիկական խնդիրները, անձնակազմի սխալ գործողությունները կամ եղանակային վատ պայմանները: Աղետի պահին տեսանելիությունը վատ է եղել, գրանցվել է անձրևային և քամոտ եղանակ:

Տեղացի պաշտոնյաների խոսքով, ահաբեկչական գործողության հավանականությունը խիստ ցածր է, անգամ բացառվում է: Մինչ աղետը, օդանավի անձնակազմից տագնապի ոչ մի ազդանշան չի ստացվել: Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ նախնական տեղեկություններով, օդանավը վայրէջքի պահին՝ գետնին հպվելուց անմիջապես հետո մասերի է բաժանվել:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եղանակային բարդ պայմաններում օդանավը չի կարողացել միանգամից վայրէջք կատարել և երկրորդ շրջանը կատարելուց հետո, վայրէջքի նոր փորձի ժամանակ կործանվել է: Գետնին հարվածելուց հետո տեղի է ունեցել բռնկում, օդանավի բեկորները ցրվել են թռիչքուղու վրա:

LifeNews-ը հրապարակել է զոհվածների նախնական ցուցակը, որում հայկական անուններ չկան։ Ենթադրվում է, որ զոհված ուղևորների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: Զոհվածների թվում նաև օտարերկրացիներ կան: Կիպրոսի դեսպանատան պաշտոնյան ասել է, որ անձնակազմի հրամանատարը Կիպրոսի քաղաքացի էր: Ուկրաինայի արտգործնախարարության հաղորդմամբ, զոհվածների թվում այդ երկրի ութ քաղաքացի կա:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը խնդրել է կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Աղետի ենթարկված օդանավի սեփականատեր FlyDubai ավիաընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին: Ավիաընկերությունը Դուբայ-Դոնի Ռոստով չվերթն իրականացնում է 2013 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG