Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման երթը դեպի Եվրամիության պատվիրակության գրասենյակ ընթացավ լարված մթնոլորտում: Ոստիկանությունը մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել Ազատության հրապարակում՝ նախ առհասարակ արգելելով երթը, ապա ստիպելով ցուցարարներին քայլել մայթերով:

Չնայած հրմշտոցին, երթն, այդուհանդերձ, շարունակվեց փողոցների երթևեկելի հատվածներով: Ընդդիմադիրները եվրոպական կառույցին նամակ փոխանցեցին՝ կոչ անելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի ազատ արձակվեն, իրենց բնորոշմամբ, «քաղաքական բանտարկյալները»:

Երթի մեկնարկին հրապարակում ելույթ ունեցան շարժման ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ մեկնարկում են բանակցությունները ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ պայքարի միասնական ճակատ ձևավորելու համար: Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում որպես միավորման առիթ նշում էր նաև նոր Ընտրական օրենսգիրքը:

«Ես հույս ունեմ, որ հակառակորդի կողմից սեղանին դրված նոր Ընտրական օրենսգրքի բովանդակությունը ևս օգնելու է մեզ, որ քաղաքական միավորումը տեղի ունենա։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս գաղափարի շուրջ ժողովրդին մոբիլիզացնելը հնարավոր չէ, սակայն եթե քաղաքական ուժերը միավորվեն, ապա այդ միավորումը ժողովրդին կմոբիլիզացնի։ Դրա համար մենք նախաձեռնել ենք այս անգամ ևս օգտագործել պահը՝ հույս ունենալով, որ մեր ընդդիմադիր գործընկերները կհասկանան մեզ, և վերջապես միասին կսկսենք գործել ժողովրդին ոտքի հանելու նպատակով»,- ասաց Սեֆիլյանը։

Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ միավորման շուրջ կբանակցեն Ստեփան Դեմիրճյանի, Հայ ազգային կոնգրեսի, Նիկոլ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագրի», Աշոտ Մանուչարյանի, Պարույր Հայրիկյանի, Արամ Կարապետյանի հետ։ Նպատակը մի քանի շաբաթից միասնական ճակատով փողոց դուրս գալն է՝ իշխանափոխության համար։

«Սրանք այն գործիչներն են, որոնք, մեր կարծիքով, սրտացավ են երկրի նկատմամբ և ելքեր են փնտրում այս վիճակից դուրս գալու։ Եկող օրերին պիտի փորձենք բոլորի հետ հանդիպել և մեր կողմից առաջարկվող ծրագրի շրջանակներում փորձել ընդհանուր հայտարարի գալ»,- այսօր ասաց Սեֆիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG