Մատչելիության հղումներ

Սևազգեստ մայրերը՝ SOS-ի դատին


Վիլեն Գայֆեջյան
Վիլեն Գայֆեջյան

SOS հաղորդման դեմ հերթական դատական նիստին այսօր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն էին եկել։ Հենց նրանք էին այն հաղորդման հերոսները, որում հնչած արտահայտություններից ոստիկանները վիրավորվել և հայց էին ներկայացրել հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ։

Հաղորդման ընթացքում կադրեր էին ցուցադրվել, թե ինչպես են ոստիկանները բռնությամբ ցրում նախագահական նստավայրի դիմաց սևազգեստ ծնողների ցույցը։ Այսօր ծնողները դատարանում հարց բարձրացրին՝ իսկ ո՞վ է իրենցից ներողություն խնդրելու բռնության համար։

«Ոստիկանները, ոստիկանության պետը ներողություն խնդրե՞լ են, ի՞նչ բարոյական իրավունք ունի, որ մեզ Բաղրամյանի էս մայթից էն մայթը քարշ տա։ Ովքե՞ր են էդ ոստիկանները»,- հարցնում էր Գոհար Սարգսյանը։

Դատական նիստին տեսանկարահանումը արգելվեց՝ իրավապահների պահանջով։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ պատրաստ են հրաժարվել երկու միլիոն դրամ գումարային պահանջից, բայց մյուս պահանջը ուժի մեջ է՝ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը պետք է ներողություն խնդրի ոստիկաններից։ Դատարանը առաջարկեց հաշտության եզրեր գտնել, ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվեց։

Նիստը կրկին հետաձգվեց։ Արդեն միջանցքում ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվեցին հարցազրույցից, հաղորդավար Վիլեն Գայֆեջյանն էլ պնդեց, որ չի կարծում, թե վիրավորել է ինչ-որ մեկին, ուստի ներողություն խնդրելն անիմաստ է։

«Էնտեղ տարբեր արտահայտություններ կան՝ «զաբոռալպստման բաժին», «գ ու հենց ընենց 7»... եթե վիրավորվել են, ուրեմն տեղ ունեցել են վիրավորվելու։ Ես կոնկրետ ոչ մեկին չեմ վիրավորել, բայց եթե մարդիկ իրենց վրա են վերցնում, ուրեմն մի բան կա տակը»,- ասաց հաղորդավարը։

Նիստը կշարունակվի ապրիլին։ Որպես վկա կներգրավվի հաղորդման անձնակազմից Հայկ Բարսեղյանը, ով նույնպես պնդում է՝ որևէ մեկին չեն վիրավորել և եթե ինչ-որ արտահայտություն որպես վիրավորանք է ընկալվել, ապա պետք է հասկանալ, թե ինչու։

«Հարց՝ ո՞վ պիտի ներողություն խնդրի։ Կարող է պարզվի՝ իրենք ուրիշ մարդուց պիտի ներողություն խնդրեն, ոչ մեզնից, ոչ հանրությունից, այլ միգուցե էն մարդկանցից, ում քարշ էին տալիս փողոցով»,- ասաց երիտասարդը։

XS
SM
MD
LG