Մատչելիության հղումներ

logo-print

Ցրտահարության մասին զգուշացումը շատերին չի օգնել


Ըստ գյուղացիների, ծխահարումներն առանձնապես արդյունք չեն տվել

Ըստ գյուղացիների, ծխահարումներն առանձնապես արդյունք չեն տվել

Գյուղացիները կառավարությունից ոչ թե խորհուրդ, այլ հստակ աջակցություն են ակնկալում, ասելով, որ խոստացված ոռոգման ջուրն այդպես էլ չի տրվել։

Արդեն մի քանի օր է՝ Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է սպասվող ցրտահարության մասին: Այգեգործներից շատերին, սակայն, այդպես էլ չի հաջողվել փրկել պտղատու ծառերը։

«Առավոտը 5 աստիճան ա եղել», «տարի ա եղել՝ մի ծառից 5 հատ ծիրան ենք հավաքել, բայց հիմի չգիտենք՝ սաղ ցրտահարված ա», «ջրել ենք, չնայած ջուր չկա, ծուխ ենք տվել, մեր մոտ վիճակն այնպես ա, որ դեռևս հույս ունենք, որ 40 տոկոսով բերքը կփրկենք»,- «Ազատության» հետ զրույցներում ասում էին Արմավիրի և Կոտայքի մարզերի բնակիչները։

Գյուղնախարարությունը օրեր առաջ անգամ բջջային հաղորդագրություններ էր ուղարկել՝ գյուղացիներին խորհուրդ տալով ծխահարել ու ոռոգել այգիները։ Ջրային տնտեսության պետական կոմիտեն էլ ջուր օգտագործող ընկերություններին հանձնարարել էր՝ այս օրերին ոռոգման ջրի հարցը լուծել: Արմավիրցիները, մինչդեռ, այսօր դատարկ ջրամբարն էին մատնացույց անում:

Մեր այցելած մեկ այլ համայնքում ևս գյուղացիները բողոքում էին այդքան անհրաժեշտ ջրի պակասից։ Նկարահանվել, սակայն, նրանք չէին ցանկանում, մտավախություն ունեին, թե այդ դեպքում «ջուրն ընդհանրապես կկտրեն»։ «Ժամանակին չեն տվել, որ չորս օր առաջ ջրեին, մարդիկ չէին վնասվի», «ջուր չկա, սկի ամառը ջուր չկա, հիմա որդուց»,- ասում էին մարդիկ:

Մրգաշենցի Արտակ Հովհաննիսյանը դեռ չգիտի՝ իր 132 ծառերից քանի՞սն են բերք տալու։ Ոռոգման ջուր չի ունեցել, ծխահարումն էլ արդյունք չի տվել։ Ցրտահարության իրական վնասի չափը մի քանի օրից կերևա: Սակայն, գունաթափված բողբոջներից հիմա էլ եզրակացնում է՝ բերքն առատ չի լինելու։ «Գույնը խամրած է, առավոտյան նայել եմ, էս բողբոջի մեջ սառույց էր։ Երեկ գիշեր կրակ եմ վառել, քամին էն կողմից էր, մուխ եմ տվել, բայց արդյունք չկա, էլի բողբոջը նույն գույնի ա: Ցուրտը խփած էր երևում: Ջուրն էլ էսօր նոր տվել են։ Եթե հիմի ինձ ասեն ջրի, չեմ էլ ջրելու, ինչ կլինի, թող լինի։ Ամեն ծառից որ երկու-երեք կիլո լինի, էլի կասենք՝ ուտելու ծիրան»,- ասում է Հովհաննիսյանը:

Կոտայքի մարզի մեկ այլ համայնքում՝ Քանաքեռավանում էլ գյուղացիների խոսակցությունների հիմնական թեման ցրտահարությունն է։ Հիդրոմետ ծառայության տվյալներով, այս գիշեր ջերմաստիճանը կնվազի ևս երկու աստիճանով։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ երեկոյան այցելել էր Արմավիր ու Արտաշատ՝ գյուղացիներին հորդորելով ցրտահարությանը դիմակայելու համար լավ պատրաստվել։ «Ինչ հնարավորություն կա, պետք է օգտագործեք, էլի, տեսնենք, Աստված տա, որ ոչ մի բան չլինի»,- ասել էր նախարարը:

Գյուղացիները, սակայն, կառավարությունից ոչ թե խորհուրդ, այլ հստակ աջակցություն են ակնկալում։ «Սուտ են ասում, հիմի ասում են ոռոգեք, էդքան ջուր ո՞վ կարա մատակարարի, որ դնենք ամբողջ Արարատյան դաշտը․․․ հլը էս նախալեռնային գոտին հեչ: Կամ ասում ա՝ ծուխ դրեք, մեկ հեկտարին պիտի 40 տեղ ծուխ դնես։ Էդ գյուղացին ինչո՞վ դնի էդ 40 տեղը»,- դժգոհում էին գյուղացիները:

XS
SM
MD
LG