Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծած ևս մեկ հանրապետական այսօր դատարանի կողմից արժանացավ հնարավոր ամենամեղմ պատժին՝ տուգանվելով 500 հազար դրամով։

Տեղամասային հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Հովհաննիսյանը, ով ի պաշտոնե կոչված էր ապահովել ընտրությունների օրինականությունը, կեղծ տվյալներ էր լրացրել գրանցամատյանում ու կրկնակի քվեարկություններ կատարել։ Դատարանը, սակայն, արարքի դրդապատճառներին չանդրադարձավ, Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի նախկին ուսանողուհին ամբողջությամբ մեղավոր ճանաչեց իրեն ու միջնորդեց արագացված դատական կարգ կիրառել։

Գործազուրկ երիտասարդ կինը հայտարարեց, թե վատառողջ է։ Նրա փաստաբանը բազմաթիվ բժշկական արձանագրություններ ներկայացրեց՝ անգամ արտերկրից, սակայն դատարանը դրանցում մեղմացնող հանգամանք չգտավ։

Մասնագիտությամբ լեզվաբան Հովհաննիսյանը ամբողջ նիստի ընթացքում վարսերով փակել էր դեմքը, վճռից հետո էլ հրաժարվեց պատասխանել հարցերին, արգելեց խոսել նաև փաստաբանին։

Տեղամասի հանձնաժողովի նախագահը, ով նույնպես ներկա էր դատավարությանը, պնդեց, թե իր երիտասարդ քարտուղարուհին միտումնավոր կամ որևէ մեկի հրահանգով չի գնացել ընտրակեղծարարության.- «Ես ոչ թե ցանկանում եմ փաստաբանի դեր կատարել, տվյալ պահին ընտրատեղամասում շատ խավար էր, կուտակումներ էին լինում, հնարավոր է, որ անփորձության խնդիր լիներ»։

XS
SM
MD
LG