Մատչելիության հղումներ

Ռուսաստանում տոնում են Ղրիմի բռնակցման երկրորդ տարին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթանում է Կերչի նեղուցի վրայով կամրջի շինարարության ընթացքին, Ղրիմ, 18-ը մարտի, 2016թ.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթանում է Կերչի նեղուցի վրայով կամրջի շինարարության ընթացքին, Ղրիմ, 18-ը մարտի, 2016թ.

Արևմուտքը շարունակելու է պատժամիջոցները։

«Մարդիկ դեռ երեկվանից են սկսել տոնել այս օրը»

Մարտի 18-ը Ղրիմի բռնակցման օրն է, որը Ռուսաստանում անվանում են «Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորման օր»։ Վլադիմիր Ժիրինովսկու առաջնորդած լիբերալ-դեմոկրատներն առաջարկում են մարտի 18-ը դարձնել պետական տոն և ոչ աշխատանքային օր։

«Ամբողջ երկիրն այսօր բարձր տրամադրություն ունի, մարդիկ տոնում են, ամենուր հավաքներ են, համերգներ, մարդիկ դեռ երեկվանից են սկսել տոնել այս օրը։ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն առաջարկում է մարտի 18-ը պաշտոնապես դարձնել ոչ աշխատանքային օր»,- ասել է Պետական դումայում կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Դիդենկոն։ Նրա համոզմամբ, մարտի 18-ը պետք է անվանել «Ռուսաց հողերի վերամիավորման օր»։

«Չէ՞ որ Խորհրդային Միության փլուզումից անցած 25 տարիների ընթացքում Ռուսաստանն առաջին անգամ է տարածքը վերադարձրել իր իրավասության տակ»,- ասել է պատգամավորը։

«ԵՄ-ն շարունակելու է չճանաչել այդ բռնակցումը»

Մինչդեռ Արևմուտքում միանգամայն այլ տեսակետից են գնահատում մարտի 18-ը։ Եվրոպական միությունը ՄԱԿ-ին հորդորում է Ռուսաստանի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ։ Բրյուսելը հիշեցնում է, որ 2014 թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է թիվ 68/262 բանաձևը, որով ապօրինի է ճանաչել Ղրիմի ընդգրկումը Ռուսաստանի Դաշնության կազմում։

«Եվրոպական միությունն ամբողջությամբ շարունակելու է Ղրիմի բռնակցումը չճանաչելու քաղաքականությունը, որի բաղադրիչներից են պատժամիջոցները»,- հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին։

Հայաստանը՝ Ռուսաստանին սատարող պետությունների խմբում

68/262 բանաձևը պարտադրող ուժ չունի, այն առաջարկում է չճանաչել Ղրիմում 2014 թվականի մարտի 16-ի հանրաքվեի արդյունքները։

Գլխավոր ասամբլեան քվեների գերիշխող մեծամասնությամբ է ընդունել բանաձևը, 100 պետություն կողմ է քվեարկել, 58 պետություն` ձեռնպահ, 11 պետություն` դեմ։

Դեմ քվեարկած երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը, Մավրիտանիան, Նիկարագուան, Սիրիան, Սուդանը և, իհարկե, Ռուսաստանը։

«Սա ոչ թե արդարության, այլ պարտադրանքի հարց է»

Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտն, իր հերթին, հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները, թերակղզին համարում է բռնագրավված և շարունակելու է պատժամիջոցների քաղաքականությունը։

«Պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կգործեն այնքան ժամանակ, որքան Ռուսաստանը շարունակելու է խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չկատարել Մինսկի պայմանագիրը։ Դա չի փոխվի։ Դուք հարցնում եք, թե որքանով է դա արդար, ասեմ` սա արդարության հարց չէ։ Սա պատժամիջոցները պահպանելու և ստանձնած պարտավորությունները կատարելու պահանջով Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու հարց է»,- ասել է Պետական դեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին։

Պուտինն այցելել է Ղրիմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ղրիմ, հանդիպել բնակիչներին և ծանոթացել թերակղզին Ռուսաստանի տարածքի հետ կապող կամրջի շինարարության ընթացքին։ Կամուրջը կառուցվում է Կերչի նեղուցի վրայով և պետք է շահագործվի 2018 թվականից։

«Ահաբեկումների և հալածանքների մթնոլորտ»

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ Ռուսաստանի վարչակարգը Ղրիմում ահաբեկումների և հալածանքների մթնոլորտ է ստեղծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG