Մատչելիության հղումներ

«Բարև Երևան»-ը չի ընդունում բյուջեի հաշվետվությունը


«Բարև Երևան» խմբակցությունը՝ Երևանի ավագանու նիստին, 18-ը մարտի, 2016թ․

«Բարև Երևան» խմբակցությունը՝ Երևանի ավագանու նիստին, 18-ը մարտի, 2016թ․

Ավագանու ՀՀԿ-ական անդամները, սակայն, քմծիծաղով ու հեգնանքով են վերաբերվում ընդդիմադիրների կեցվածքին:

Երևանի ավագանու այսօրվա նիստին «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարեց, թե չի ընդունում նախորդ տարվա բյուջեով կատարված ծախսերի հաշվետվությունը և դեմ քվեարկեց դրան:

Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը վստահ չէ, որ այդ բյուջեի շրջանակներում քաղաքապետարանի դպրոցներին հատկացված գումարները արդյունավետ են ծախսվել: Այսօր նա հայտարարեց՝ դպրոցները կիսատ-պռատ են ներկայացրել իրենց ֆինանսական օնլայն-հաշվետվությունները, անօրինական դրամահավաքն էլ շարունակվում է: Խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ շարունակեց՝ նախորդ տարի քաղաքապետարանի բյուջեով ֆինանսավորված հաստատությունների գերակշիռ մասն ակտիվորեն մասնակցել է հանրաքվեի արդյունքների կեղծմանը:

«Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո մենք տեսանք, թե որքան ընտրակեղծարարներ Երևան քաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող միավորների աշխատակիցներ էին: Ուսումնական հաստատություններ՝ մանկապարտեզներից սկսած մինչև բուհեր․․․ ես դեմ եմ բյուջեի այս հաշվետվությանը և՛ բովանդակային առումով, և՛ արդյունավետության առումով»,- ասաց Մարտիրոսյանը:

Անահիտ Բախշյանն էլ հավելեց՝ «Տարբեր ոչ կամավոր ձևերով գովազդում են՝ օգնիր դպրոցիդ, օգնիր մանկապարտեզիդ, դրամահավաքներ են․․․ ժամանակն է, որ ծնողների համար հստակեցվեն անազնիվ դրամահավաք-կաշառք հասկացությունը ու կամավոր ներդրում գաղափարները: Արդյունքում՝ քանի դեռ բյուջեի յուրաքանչյուր լումայի ծախսը թափանցիկ չի երևում հաշվետվության մեջ, ես արդեն խմբակցության անունից եմ ասում՝ մենք դեմ ենք քվեարկելու այս հաշվետվությանը»:

Անահիտ Բախշյանը քաղաքապետին հորդորեց սովորել չարձագանքել ելույթներին, երբ Տարոն Մարգարյանն ի պատասխան ընդդիմադիրների պնդումների ասաց. - «Կասկածում եք՝ կասկածեք, ձեր գործն էլ դա է»: «Մենք մեր աշխատանքն ենք հաշվետվություն ներկայացնում, և դա ձեր իրավունքն ա, թե ոնց կքվեարկեք: Իսկ մեզ վստահողները վստահում են»,- հայտարարեց քաղաքապետը:

Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները քմծիծաղով էին լսում ավագանու ընդդիմադիր անդամների քննադատական ելույթները, նրանցից ոմանք լքեցին դահլիճը: Նրանցից մեկը ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն էր: Բացատրելով իր վարքագիծը, վերջինս ասաց՝ ընդդիմադիրներին լսելիս «փչանում է» իր կենսագրությունը: «Էս տարիների ընթացքում մի անգամ չեմ լսել քաղաքի խնդիրներին շահագրգռվածությամբ մոտեցում: Էն Ստյոպիկը, էդ Անահիտ Բախշյանը, բանը․․․ չեմ ուզում լսեմ, դա իմ անձնական իրավունքն ա, որովհետև կենսագրությունս փչանում ա»,- ասաց Իգիթյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Բարև Երևան» խմբակցության բարձրացրած խնդիրներից միայն երկուսին արձագանքեց: Դրանք վերաբերում էին քաղաքային տրանսպորտի և վերելակային տնտեսության բարելավմանը: Երկուսի առնչությամբ էլ քաղաքապետն ասաց՝ ֆինանսական ներդրումներ են հարկավոր: Մասնավորապես՝ վերելակների վիճակը, ըստ նրա, ավելի կվատթարանա, եթե չկարողանան հայթայթել անհրաժեշտ 100 մլն դոլարը:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանն էլ այլ խնդիր բարձրաձայնեց՝ Խորհրդային Միության փլուզումից հետո պոլիկլինիկաները չեն հիմնանորոգվել, ե՞րբ է այդ հարցը լուծվելու: Ի պատասխան, Տարոն Մարգարյանը կրկնեց՝ դրանց համար նույնպես մեծ գումարներ են հարկավոր: Քաղաքապետը, սակայն, չհստակեցրեց, թե երբ կգտնվեն անհրաժեշտ միջոցները:

XS
SM
MD
LG