Մատչելիության հղումներ

«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը նաև արձագանքեց Սամվել Ալեքսանյանի հայտարարություններին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետք է իշխանափոխության մասին հայտարարությունները տարբերակել իշխանափոխությունից։

«Մենք [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը] պատրաստ չենք զբաղվել իշխանափոխության մասին հայտարարություններով, մենք պատրաստ ենք զբաղվել իշխանափոխությունով», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ կուսակցությունն ունի իշխանափոխության մասին իր պատկերացումը և հրապարակել է այն։ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա հոդվածը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների միջոցով, և իշխանության յուրացումը խմբի կամ անհատի կողմից հանցագործություն է։ Որպեսզի մենք իշխանափոխություն իրականացնելու լեգիտիմ իրավունք ունենանք և համոզմունք ունենանք, մեզ անհրաժեշտ է համոզված լինել, որ ժողովուրդը մեզ տվել է այդ թույլտվությունը, և այդ թույլտվությունը դե յուրե ձևակերպելու համար հարկավոր է ստանալ ժողովրդի վստահության քվեն։ Կա ժողովրդի վստահության քվե՝ կա իշխանափոխություն, չկա ժողովրդի վստահության քվե՝ չկա իշխանափոխություն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Նոր Հայաստան» շարժումը երեկ հայտարարեց, որ նախաձեռնում է իշխանափոխության երրորդ փորձը։ Շարժումը բանակցություններ է սկսել ընդդիմադիր ուժերի հետ՝ մի քանի շաբաթից միասնական ճակատով փողոց դուրս գալու համար։ «Նոր Հայաստան»-ը հայտարարեց, որ պատրաստ է սեղանին դնել իշխանափոխության ճանապարհային քարտեզ։

Հարցին, թե կուսակցությունը պատրա՞ստ է միանալ «Նոր Հայաստանի»-ի նախաձեռնությանը, Փաշինյանը պատասխանեց. - «Եթե կլինի կոնկրետ ճանապարհային քարտեզ, որը վստահություն կներշնչի հանրությանը, ինքը կլինի տրամաբանված և իրագործելի, եթե որևէ մեկը մեզ ապացուցի, որ շանս կա մյուս շաբաթ, վաղը, մի ամսից անել իշխանափոխություն, մենք կգնանք և կլինենք իշխանափոխության՝ պետք լինի՝ առաջին, պետք լինի՝ վերջին շարքերում։ Բայց եթե այդ իշխանափոխության ծրագրի մեջ մենք տեսնենք խոցեր, մենք տեսնենք նախկին սցենարների կրկնություններ, մենք այդպիսի կասկածելի պրոցեսների մեջ չենք մտնի»։

Անդրադառնալով գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ երեկվա պնդումներին, թե Փաշինյանն իրենց «ախպերն է, իրենց հետ է», ընդդիմադիր գործիչն ասաց. - «Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները սկսել են մտմտալ իրենց ապագայի պլանները կառուցելու շուրջ։ Այսօր նրանք ինձ ասում եմ, որ ես իրենց «ախպերն» եմ, մոտ ապագայում կասեն, որ իրենց «մեծ ախպերն» եմ, մի փոքր ավելի ուշ կասեն, որ ես իրենց «թագավոր ախպերն» եմ, իսկ մի փոքր ավելի ուշ կասեն, որ ամբողջ կյանքը իրենք ինձ, կներեք արտահայտությանս, ճանաչել ու «պրիզնատ են եկել» ինձ որպես «շեֆ», որպես «ղեկավար»։ Այնպես որ, Ալեքսանյանի հայտարարությունը ես գնահատում եմ այդ կոնտեքստում, որովհետև Ալեքսանյանն ինքը «շուստրի տղա» է, կներեք այդ բառի համար, և ինքը այդ պրոցեսները տեսնում է, թե ինչպես են զարգանում, և ըստ ամենայնի՝ ինքը հույս ունի, որ իմ բարեհաճությունը շահի, որովհետև նա մտածում է, որ իր ապագայի համար դա շատ կարևոր նշանակություն կունենա»։

«Բոլորն անհանգստանում են՝ ընդդիմությունն էլ է անհանգստանում, որ ես Սերժ Սարգսյանի հետ կապեր ունեմ, ընդդիմությունն անհանգստանում է՝ էդ հասկացանք, էդ իշխանությո՞ւնն ինչ է անհանգստանում, իշխանությո՞ւնն ինչից է անհանգստանում, բնական հարց է ծագում՝ էս ի՞նչ պատմություն է, էս ի՞նչ են անում», - ասաց Փաշինյանը։

XS
SM
MD
LG