Մատչելիության հղումներ

Գերմանիան փակել է Թուրքիայում իր դեսպանատունը՝ ահաբեկչության վտանգի պատճառով


Ոստիկանը հսկում է Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանը, 17-ը մարտի, 2016թ.

Ոստիկանը հսկում է Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանը, 17-ը մարտի, 2016թ.

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է փակել Անկարայի իր դեսպանատունը, Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանը և գերմանական վարժարանը` ելնելով անվտանգության նկատառումներից:

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ նման որոշման պատճառը նոր ահաբեկչության վտանգն է: Հայտնի է նաև, որ Գերմանիայի դեսպանատունը մարտի 15-ին հաղորդագրություն է ուղարկել Անկարայում գտնվող իր քաղաքացիներին` տեղեկացնելով նախապատրաստվող հարձակման մասին առևտրի կենտրոնների վրա:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, գերմանական իշխանությունների որոշմանը խիստ է արձագանքել Ստամբուլի նահանգապետարանը: Վերջինը քննադատել է Գերմանիայի ԱԳՆ-ին առանց համապատասխան մարմինների հետ խորհրդակցության նման քայլեր ձեռնարկելու համար: Նահանգապետարանը կոչ է արել անհանգստություն և վախ չտարածել քաղաքացիների շրջանում: Միևնույն ժամանակ, Ստամբուլում գերմանական հյուպատոսարանի շենքի դիմաց մեծ թվով անվտանգության ուժեր են տեղակայվել:

Թուրքական «Միլիյեթ»-ը գրում է, որ կիրակի երեկոյան Անկարայում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունից երկու օր առաջ էլ ԱՄՆ դեսպանատունն էր նախազգուշական հաղորդագրություն ուղարկել իր քաղաքացիներին` տեղեկացնելով հնարավոր ահաբեկչության մասին:

Մարտի 13-ին մայրաքաղաք Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի շրջակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 37 մարդ էր զոհվել, շուրջ 125-ը` վիրավորվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) ճյուղավորումներից համարվող «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Վերջինը կազմակերպել էր նաև փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG