Մատչելիության հղումներ

ՖԱՖ ակումբի անդամները կարծում են՝ ՀՖՖ-ն խոչընդոտում է իրենց մուտքը մարզադաշտ


Երկրպագուների պարզած պաստառը Հայաստան-Ալբանիա խաղի ավարտին, 11-ը հոկտեմբերի, 2015թ.

Երկրպագուների պարզած պաստառը Հայաստան-Ալբանիա խաղի ավարտին, 11-ը հոկտեմբերի, 2015թ.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը պահանջող երկրպագուների ՖԱՖ ակումբի անդամները պնդում են, որ ֆեդերացիան խոչընդոտում է իրենց մուտքը մարզադաշտ։

Երկրպագուներն ասում են՝ օրեր շարունակ փորձել են տոմսեր գնել մարտի 25-ին Հանրապետական մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական խաղի համար, բայց նույն շարքից մեծ քանակությամբ տոմսեր նրանց չեն վաճառում։ «Փորձ է կատարվում, որ մենք չգնանք խաղին, դա միանշանակ է»։

Հավաքականի վերջին հանդիպումների ընթացքում ՖԱՖ ակումբի անդամները հենց մարզադաշտում բողոքի ակցիաներ էին անցկացրել, որոնք հետո տեղափոխեցին փողոց, իսկ պահանջն էլ դարձավ ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Այդ իրադարձություններից հետո հավաքականի առաջին խաղը հենց Բելառուսի հետ հանդիպումն է։

Այսօր ՖԱՖ ակումբի անդամները կրկին փորձեցին տոմսեր ձեռք բերել։ Մոտեցավ մարզադաշտի ներկայացուցիչը և ասաց, որ միտումնավոր նրանց դեմ քայլեր չեն արվել, պարզապես տարբեր կազմակերպություններ մեծ քանակությամբ տոմսեր գնելու համար դրանք ամրագրել են Ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով։

«Բոլոր տրիբունաներից, բոլոր սեկտորներից կարաք ձեռք բերեք։ Հյուսիսային էլ կարող եք, բայց կարող ա իրար կողք չլինի, խնդիրը դա է»,- ասաց մարզադաշտի ներկայացուցիչը։

Այսօր երկրպագուներին հաջողվեց տոմսարկղից 70 տոմս ձեռք բերել։ Բայց չկարողացան պարզել, թե ովքեր են ամրագրել տոմսերը։

«Ամրագրված է 9000 տոմս, այսինքն յուրաքանչյուր հատվածի մոտ 80 տոկոսը ամրագրված է։ Պարզ հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում։ Ցանկանում են՝ կազմակերպված երկրպագուների շարժումը՝ ՖԱՖ-ը չկարողանա կոմպակտ նստի մարզադաշտի ինչ-որ հատվածում»։

Ֆուտբոլի ֆեդերացիայից պատասխանեցին, որ Բելառուսի հետ ընկերական խաղի հանդեպ նման հետաքրքրության պատճառը թերևս այն է, որ սա դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն է։ Ֆեդերացիան հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցին, թե ովքեր են ամրագրել ընկերական խաղի տոմսերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG