Մատչելիության հղումներ

«Մատաղիսի գործով» անցնող նախկին զինվորները մասնակի հաղթանակ տարան ՄԻԵԴ-ում


Մուսա Սերոբյանը (ձախ), Արայիկ Զալյանը (կ) և Ռազմիկ Սարգսյանը իրենց պաշտպան Զարուհի Փոստանջյանի հետ, 28-ը փետրվարի, 2007թ.
Մուսա Սերոբյանը (ձախ), Արայիկ Զալյանը (կ) և Ռազմիկ Սարգսյանը իրենց պաշտպան Զարուհի Փոստանջյանի հետ, 28-ը փետրվարի, 2007թ.

13 տարի առաջ Մատաղիսի զորամասում երկու զինծառայակիցներին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված, ավելի ուշ արդարացված երեք երիտասարդներն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակի հաղթանակ տարան։ Իրավունքների խախտման համար Հայաստանը նրանց պետք է վճարի 50 հազար եվրո։

Աղմկահարույց այս գործով անցնող Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը Եվրադատարան էին դիմել՝ պահանջելով ճանաչել, որ իրենք ռազմական ղեկավարության կողմից խոշտանգումների ու ճնշումների էին ենթարկվել, որոնց արդյունքում Ռազմիկ Սարգսյանը ցուցմունք է տվել, թե սպանել են երկու ծառայակիցներին:

Եվրադատարանը ապացույցների անբավարարության պատճառով խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասով խախտում չի հայտնաբերել, այդուհանդերձ, արձանագրել է, որ այս մասին բողոքները Հայաստանի իրավապահները արդյունավետ քննության չեն ենթարկել: Ստրասբուրգյան դատարանն արձանագրել է նաև, որ խախտվել է Արայիկ Զալյանի՝ ազատության և անվտանգության իրավունքը:

Գործով նախկին մեղադրյալների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը լիովին գոհ է Եվրադատարանի վճռից։ Ըստ նրա՝ խոշտանգումների վերաբերյալ ապացույցների անբավարարությունը պետության մեղքն է։

«Մասնավոր անձը, նաև փաստաբանը օրենքով չունեն այնպիսի լծակներ, որպեսզի հավաքեն ապացույցներ տեղի ունեցած խոշտանգումների մասին։ Եթե պետությունը դա չի անում, ուրեմն հետագայում մենք չենք կարողանում բավարար ապացույցներով ԵԴ-ին հիմնավորենք, որ տեղի է ունեցել խոշտանգում։ Բայց դրա հետ մեկտեղ ԵԴ-ն հաստատեց, որ հենց պետությունը չի կատարել իր պարտավորությունները խոշտանգումների վերաբերյալ գործի քննության առումով»,- ասաց Ալումյանը։

Ղարաբաղի Մատաղիսի զորամասի երեք ժամկետային զինծառայողները 2005-ին առաջին ատյանի դատարանում դատապարտվել էին 15 տարվա, իսկ մեկ տարի անց Վերաքննիչ դատարանում՝ ցմահ ազատազրկման, 2012-ին՝ արդարացվել:

Մեղադրյալների շահերը ներկայացնող Զարուհի Փոստանջյանը հիշում է՝ ինչպիսի սպառնալիքներ էին հնչում իրենց հասցեին մինչև արդարացման դատավճիռը։

«Այն խոսքերը, որ միշտ այդ երեք տարիների ընթացքում ինձ ուղեկցում էին, որ ընդունեք մեղքը, մենք ձեզ մեղմ պատիժ կտանք, եթե չընդունեք, ապա այս երիտասարդների կյանքը կկործանվի, նրանց ցմահ կազատազրկենք...»,- պատմեց Փոստանջյանը։

Մատաղիսի գործի քննության ժամանակ զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը չմեկնաբանեց Եվրադատարանի վճիռը:

Գործով տուժած, այժմ որպես փաստաբան այլ քաղաքացիների իրավունքները պաշտպանող Արայիկ Զալյանն ասում է՝ իր հիմնական ցանկությունն է, որ պատժվեն իրենց բռնության ենթարկողներն ու գործը կոծկողները, օրինակ՝ քննչական խմբի ղեկավար Արմեն Հակոբյանը։

«Այս և նման այլ գործերից հետո հիմա ինքը զբաղեցնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնը»,- նշեց Զալյանը։

12 տարի առաջ այս գործով Եվրադատարան դիմած փաստաբան, այժմ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ պայքարը չի ավարտվել, և իրենք դեռ անելիք ունեն.- «Որևիցե մեկը, ով ներգրավված է եղել այս ապօրինությունների մեջ, չպետք է հանգիստ կարողանա վայելել իր կյանքը»։

Երեք նախկին զինվորների արդարացումից հետո այսօր Մատաղիսի գործը կասեցված վիճակում գտնվում է Շիրակի մարզային քննչական բաժնում։ Ըստ փաստաբան Ալումյանի՝ շուրջ չորս տարի է՝ գործով որևէ առաջընթաց չկա։

«Չեմ հասկանում՝ ինչու էս գործը գնալով բարդանում է, բայց գործը կարևորագույն գործերով քննիչներից վերցնում ու ուղարկում են նորաթուխ քննիչների քննությանը։ Ես վախենում եմ, որ էստեղ նպատակադրված ինչ-որ մարդիկ փորձում են քողարկել, կոծկել իրական կատարողներին»,- ասաց փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG