Մատչելիության հղումներ

Բնակբաշխման ապօրինության դեմ բողոքող քաղաքացին խնդրում է «բացահայտել կոռուպցիան»


Արայիկ Սարդարյանը և նրա դուստը կառավարության շենքի մոտ, 17-ը մարտի, 2016թ.

Արայիկ Սարդարյանը և նրա դուստը կառավարության շենքի մոտ, 17-ը մարտի, 2016թ.

Աղետի գոտում բնակարանների հատկացման ծրագրում ապօրինությունների մասին բարձրաձայնող ծաղկահովիտցի Արայիկ Սարդարյանն այսօր կառավարություն էր եկել հաշմանդամի սայլակին գամված անչափահաս դստեր հետ։

Քննչական կոմիտեն մերժել է Արագածոտնի արդեն նախկին մարզպետի ու Ծաղկահովիտի գյուղապետի դեմ ուղարկած Սարդարյանի բողոքը. քննիչը եզրակացրել է, որ կառավարության միջոցներով կառուցված տների բաշխման ժամանակ հանցագործություն տեղի չի ունեցել։ Մինչդեռ գյուղի բնակիչը հստակ օրինակներ է մատնանշում ու պնդում, թե նախկին մարզպետ, հանրապետական Սարգիս Սահակյանն ու գյուղապետ Երվանդ Խաչատրյանը տները հատկացրել են կարիքը չունեցողներին։

«Ինձ խաբել են ուղղակի, որովհետև ես փող չեմ ունեցել տամ, որ ես էլ ստանամ»,- ասաց նա.- «Ես դա եմ կասկածում, դա եմ խնդրում դատախազությանը բացահայտել»։

Ամիսներ առաջ անգամ Ծաղկահովիտի գյուղապետն ընդունեց, որ բնակարաններ ստացել են նաև ընտանիքներ, որոնք արդեն իսկ կացարան են ունեցել։ Մինչդեռ Արայիկ Սարդարյանի 4 հոգանոց ընտանիքը, տարիներ շարունակ մշտական բնակության վայր չունենալով, մի տեղից մյուսն է տեղափոխվել, հույսով սպասել բնակարանի իր հերթին։

«Դիմել էի դատախազություն, որ բացահայտեն կոռուպցիան, կասկածում եմ, որ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և գյուղապետ Երվանդ Խաչատրյանի մասնակցությամբ կոռուպցիոն ռիսկեր կան այս գործում»,- ասաց նա։

Արայիկ Սարդարյանը պնդում է, որ հանցագործությունը բացահայտելու փոխարեն քննիչները կրկնել են նախկին մարզպետի պատասխանը, թե իր ընտանիքը բնակարանի կարիք չունի, քանի որ հայրը տարիներ առաջ բնակարան է ստացել։

Տեղական իշխանությունը, սակայն, այդպես էլ հաշվի չի առել, որ Սարդարյանների ընտանիքը բազմացել է, երկու որդիներն արդեն առանձին ընտանիքներ ունեն։

«Ես դատախազությանը դիմել եմ, որ կոռուպցիոն հանցագործություն բացահայտեն, իրենք ինձ պատասխանել են՝ «քանի որ Արայիկ Սարդարյանի ընտանիքը դեռևս 2002 թվականին օգտվել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքից, ուստի տվյալ պարագայում բացակայում է հանցագործության դեպքը»»,- դժգոհում է Սարդարյանը։

Քննչական մարմինն անգամ չի հարցաքննել Սարդարյանի մատնանշած բնակարանատերերին կամ գյուղապետին, ասում է բողոքող քաղաքացին։ Միևնույն ժամանակ, քննիչը, ուսումնասիրելով բնակարանների բաշխման գործընթացը, ըստ էության, հաստատել է Սարդարյանի կասկածները՝ փաստելով, որ մի շարք ընտանիքներ կառավարության առաջադրած պահանջներին չեն բավարարել, սակայն նախկին մարզպետի որոշմամբ, այդուամենայնիվ, բնակարանի տեր են դարձել։ Սարդարյանը, թվարկելով բնակարան ստացած մարդկանց անունները, ասում է.- «Հանձնաժողովը քննարկել ու փաստել է, որ այդ մարդկանցից մի քանիսին տուն չի հասնում, անունները ես նշել եմ, դիմել են, որ բնակարան ստանան, դիմումները մերժվել են, բայց Արագածոտնի մարզպետը գտել է, որ կարիք ունեն, առաջարկություն է ներկայացրել կառավարություն, կառավարությունն էլ բավարարել է, նրանց հատկացրել է բնակարան»։

Կառավարության շենքի առջև բողոքող քաղաքացուն այսօր հանդիպեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. լսելով խնդիրը՝ խոստացավ այս հարցով խոսել քաղաքաշինության նախարարի հետ։

Նախարարից հետո Սարդարյանին հանդիպեց նաև կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն, ով, ըստ Սարդարյանի, խոստացավ բողոքը հասցնել վարչապետին.- «Ես ասացի՝ բա կոռուպցիան ո՞նց է բացահայտվելու, ասաց՝ դա կոռուպցիա չէ, դա այլանդակություն է»։

43-ամյա Արայիկ Սարդարյանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել՝ կսպասի վարչապետի պատասխանին, հետո արդեն կորոշի պայքարի հետագա ընթացքը։

XS
SM
MD
LG