Մատչելիության հղումներ

Դեռևս ծիրանենու բերքի «առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել»


Ծաղկած ծիրանենիներ, արխիվ

Ծաղկած ծիրանենիներ, արխիվ

Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ, ասված է գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունում։

Նախարարությունը տեղեկացնում է, որ հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի (օդում` մինչև վեց, հողի մակերևույթին` յոթ աստիճան ցուրտ) և Մերձավանի (հինգ օդում, հողի մակերևույթին` վեց աստիճան ցուրտ) օդերևութաբանական կայաններում:

«Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է Էջմիածնի և Մասիսի տարածաշրջանների «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողակտորներում», - ասված է հաղորդագրությունում:

Նախնական տվյալներով` Արտաշատի, Արմավիրի տարածաշրջաններում և Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում առկա է մասնակի վնասվածություն: Արարատի տարածաշրջանում և Բաղրամյանի վերին հատվածում, ըստ նախարարության, էական վնասներ չեն նկատվել:

Մեղրիում արձանագրվել են դրական ջերմաստիճաններ, Վայոց ձորի մարզում նկատելի կորուստներ չեն գրանցվել:

«Ընդհանրացնելով մարզերից ու համայնքներից ստացված տեղեկությունները` պետք է նշել, որ այսօրվա դրությամբ դեռևս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել: Սակայն մարտի 17-ի լույս 18-ի գիշերը, համաձայն արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կանխատեսումների, Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է չորսից յոթ աստիճան ցուրտ, գետնի մակերևույթին` հինգից ութ աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը` համապատասխանաբար երկուսից հինգ և երեքից վեց աստիճան ցուրտ», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը խորհուրդ է տալիս կորիզավոր պտղատու այգիներում շարունակել նախկինում առաջարկված պաշտպանական միջոցառումների իրականացումը, սինթետիկ թաղանթների տակ աճեցվող մշակաբույսերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով՝ օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG