Մատչելիության հղումներ

Թուրքիայում ցուցակագրում են ոչ մահմեդական հուշարձանները


Թուրքիա - Որմնանկարներ Տրապիզոնի մոտ գտնվող Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցու պատերին, 2007թ․
Թուրքիա - Որմնանկարներ Տրապիզոնի մոտ գտնվող Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցու պատերին, 2007թ․

Թուրքիայում ոչ մահմեդական հուշարձանները պահպանելու համար թուրքերից, հայերից և հույներից կազմված կամավորների մասնագիտական խումբը սկսել է ցուցակագրել դրանք:

Նրանց համատեղ աշխատանքի առաջին արդյունքները հրապարակվել են, և ըստ այդ ուսումնասիրությունների՝ շուրջ 140 եկեղեցիներ, դպրոցներ, սինագոգներ ու մենաստաններ գտնվում են ռիսկի տակ, շատ վատ վիճակում են և առաջնահերթ վերանորոգվելու կարիք ունեն:

Այս ծրագի կազմակերպիչը Մշակութային ժառանգության պահպանման ընկերակցությունն է, ֆինանսավորողը՝ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Ընկերակցության ներկայացուցիչ Չաղլա Փարլակը Hurriyet Daily News-ին ասել է, որ Թուրքիայում ոչ մահմեդական հուշարձանների հետազոտությունները շատ չեն, քիչ են արվեստի պատմության մասնագետները, ճարտարապետները կամ ինժեներները, որոնք պատկերացում ունեն ազգային փոքրամասնությունների ճարտարապետությունից, մշակութային ժառանգությունից: Նա հայտնել է, թե հայ արվեստի պատմության ընդամենը մի քանի մասնագետ կա:

Ըստ ընկերակցության տվյալների, ամբողջ Թուրքիայում ոչ մահմեդական շուրջ 10 հազար հուշարձան կա՝ 4600 հայկական, 4100 հունական, 650 ասորական և 300 հրեական:

Խումբը օգտվում է նաև Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ուսումնասիրություններից: Համատեղ խումբը նաև գրքեր է հրատարակում՝ ներկայացնելով իր ուսումնասիրությունների արդյունքները: Անցած փետրվարին հրատարակվել է առաջին գիրքը, որը Կայսերիի հայկական և հունական մշակութային ժառանգության մասին է:

Ցուցակագրվել են ռիսկի տակ գտնվող հայկական և հունական 18 եկեղեցիների և դպրոցների պատմական շենքեր:

Նրանք միայն ցուցակագրելով չեն զբաղվում, ուսումնասիրում են պատմական հուշարձանները, լուսանկարում, տեղադրում գտնվելու վայրի GPS տվյալները, գնահատում ռիսկային վիճակը, և կազմված ցանկում հուշարձանը որքան բարձր տեղում է, այնքան առաջնահերթ է այն վերանորոգելու անհրաժեշտությունը:

Խումբը նաև ուսումնասիրել և գրքում ներառել է Կայսերիի պատմությունը, սոցիալ-տնտեսական անցյալը՝ արձանագրելով, որ 19-րդ դարի վերջին Կայսերիում 15 հազար հայ է բնակվել, իսկ հիմա, ըստ տեղական մամուլի, մնացել է ընդամենը մեկը:

Համատեղ խումբը ուսումնասիրություններ, հետազոտություններ է անցկացնելու նաև Թուրքիայի այլ շրջաններում և քաղաքներում: Կազմված զեկույցները, ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի մշակույթի նախարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG