Մատչելիության հղումներ

Հյուսիսատլանտյան դաշինքից պատասխանել են «Ազատության» հարցերին:

Հյուսիսատլանտյան դաշինքը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում քաղաքական կամք դրսևորել և բանակցությունների միջոցով լուծել հակամարտությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին «Ազատության» հայկական ծառայության ուղղած գրավոր հարցերին ի պատասխան, Դաշինքը կոչ է անում կողմերին կառուցողական լինել։

«Դաշնակիցների համար նման ձգձգված հակամարտությունների շարունակականությունը հատուկ մտահոգության առիթ է։ Մենք շարունակում ենք Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը դիտարկել որպես եվրատլանտյան անվտանգության հիմնարար տարր։ Մենք շարունակելու ենք համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ և՛ քաղաքական, և՛ գործնական առումներով», - ասված է պատասխանում։

ՆԱՏՕ-ն շեշտում է, որ հակամարտությունը ոչ միայն մտահոգության առիթ է, այլև «խանգարում է տարածաշրջանի ժողովուրդներին՝ որպես եվրատլանտյան համայնքի անդամների, հասնել իրենց ամբողջական ներուժին»։

Ի պատասխան «Ազատության» հարցի, թե արդյո՞ք Ղարաբաղը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին, Դաշինքը հայտարարում է՝ բանակցությունների հարցում թեև դերակատարում չունեն, բայց շահագրգռված են այս գործընթացում և քաջալերում են բոլոր կողմերին՝ շարունակել խաղաղ հանգուցալուծմանը ուղղված իրենց ջանքերը։

Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարում է, որ շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Այս համատեքստում Դաշինքը կշարունակի աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում առկա հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմանը՝ «հիմնված այս սկզբունքների և միջազգային օրենքի, ՄԱԿ-ի Խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»։

ՆԱՏՕ-ն հրաժարվում է կարծիք հայտնել, թե ինչպես է հնարավոր խուսափել առաջնագծում մարդկային կորուստներից, և արդյո՞ք դիպուկահարները պետք է հեռացվեն առաջնագծից, թե՞՝ ոչ։

«Բանակցային ջանքերը առաջ մղողը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի դերակատարությանը և առանձին ՆԱՏՕ-ի դերակատարության կարիք չենք տեսնում։ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում չի փոխվել», - ասված է պատասխանում։

XS
SM
MD
LG