Մատչելիության հղումներ

Նախագահ. «Կիպրոսի և ԼՂ խնդիրների արդար լուծում ենք փափագում»


Կիպրոսը հարազատ երկիր է ցանկացած հայի համար, իսկ կիպրացի ժողովուրդը յուրահատուկ տեղ է զբաղեցնում ցանկացած հայի սրտում, երեկ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի համալսարանում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ժամանակ իր ելույթում։

«Մեր ժողովուրդները փոխկապակցված են պատմամշակութային կապերով, ընդհանուր արժեհամակարգով, և առավել քան համոզված եմ՝ նաև ընդհանուր ապագայով: Մենք եղել և մնում ենք տարածաշրջանի այն ժողովուրդները, որ ոչ թե ռազմատենչ ոգով, այլ խաղաղասիրությամբ և աշխատասիրությամբ ենք վաստակում աշխարհի վերաբերմունքը` սերն ու հարգանքը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի անկախության կերտման ճանապարհը լի էր մարտահրավերներով, սակայն անկախությունը կայացնելու Հայաստանի նպատակն ու կամքն անկոտրում էին։ «Հայաստանն այսօր կայացած պետություն է», - ասել է նախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանն աշխատում է ձեռքբերումներն ամրապնդել նաև տնտեսական լուրջ հաջողություններով։

«Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170-միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Արտոնյալ մուտքի հնարավորություն ունենք նաև Եվրոպական միություն, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա։ 2015 թվականին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA)։ Մենք այն ընդունեցինք որպես վստահության դրսևորում մեր երկրի նկատմամբ», - ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ լինելով փոքր պետություն՝ Հայաստանը զարգացրել է աշխարհի հետ հարաբերվելու իր առանձնահատուկ մոդելը։

Նախագահի խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որի լուծման բանակցային եղանակը, նրա համոզմամբ, չունի այլընտրանք 21-րդ դարում:

«Այս հարցում բարձր ենք գնահատում Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Որքան էլ որ մենք սատարում ենք վերջերս նոր թափ ստացող և աշխարհի տարբեր վայրերում խաղաղ կերպով իրացվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, Հայաստանի իշխանությունները և հայկական պետությունը մշտապես աջակցելու են Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրական հիմնախնդրում։ Մենք հարատև խաղաղություն ու արդար լուծում ենք փափագում մեր ժողովուրդների առջև ծառացած կիպրոսյան և ղարաբաղյան հիմնախնդիրների համար», - ասել է Սարգսյանը։

Նախագահը նաև ադրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ ընդգծելով, որ 2015 թվականը խորհրդանշական էր հայ ժողովրդի համար:

«Հայաստանը, համայն հայությունը, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը ոգեկոչեց 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Սակայն անցկացված միջոցառումների նպատակը ոչ միայն մեր ժողովրդի համար արդարության վերականգնումն էր, այդ տարելիցին ընդառաջ մենք նպատակ էինք դրել նոր շունչ հաղորդել ցեղասպանությունների կրկնության դեմ ուղղված պայքարին, ամրապնդել դրա կանխարգելման հիմքերը։ Եվ այժմ վստահորեն կարող ենք ասել, որ դա մեզ հաջողվեց։ Երախտապարտ ենք, որ այս հարցում նույնպես Կիպրոսն իրեն դրսևորեց որպես իսկական բարեկամ», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. - «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին Կիպրոսի բարձր ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Անաստասիադեսի և խորհրդարանի նախագահ պարոն Օմիրուի, Երևանում էին, մեր կողքին՝ որպես իսկական բարեկամ»:

Անդրադառնալով կրթական ծրագրերին, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ կրթությունն ու գիտելիքը ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհի շարժիչ ուժն է։ «Հայաստանում անում ենք հնարավորը՝ ապահովելու գալիք սերունդների առավել անվտանգ և բովանդակալից ապագան` հավատարիմ մնալով կրթության միջոցով կայուն զարգացման և խաղաղ գոյակցության գաղափարին», - ասել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG