Մատչելիության հղումներ

Հարձակում Նոր Նորքի փոխանակման կետի վրա․ հարուցվել է քրգործ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ Նոր Նորք վարչական շրջանում փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17։40-ին, ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։

«Նախնական տվյալներով, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, դիմակավորված, ատրճանակով զինված, մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մուգ կապույտ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է անհատ ձեռնարկատեր Հ. Ասատրյանին պատկանող տարադրամի փոխանակման կետին։ Իջնելով մեքենայից, դիմակավորված անձը Ասատրյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսելով՝ փոխանակման կետին են մոտեցել հարակից կրպակների աշխատակիցները, և դիմակավորված անձն ավտոմեքենայով դիմել է փախուստի», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է վեց պարկուճ, չորս գնդակ։

«Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG