Մատչելիության հղումներ

Ըստ երջանկության ցուցիչի, Հայաստանը 157 երկրների ցանկում 121-րդն է


Տեսարան Երևանից

Տեսարան Երևանից

Ադրբեջանը Հայաստանից երջանիկ է՝ զբաղեցնելով 81-րդ հորիզոնականը։

ՄԱԿ-ի կողմից հռչակված Երջանկության օրվան՝ մարտի 20-ին ընդառաջ հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակը։

157 երկրներից կազմված ցանկում երջանկության աստիճանով Հայաստանը վերջին շարքերում է՝ 121-րդ հորիզոնականում։ Հարևաններից Ադրբեջանը Հայաստանից երջանիկ է՝ զբաղեցնելով 81-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը պակաս երջանիկ է, քան Հայաստանը։

Հայաստանին ու Վրաստանին հաջորդում են աֆրիկյան երկրները, որտեղ, մասնագետների փոխանցմամբ, կյանքի պայմանները չեն նպաստում երկար ու երջանիկ կյանք ունենալուն։

Ամենաերջանիկ երկրների ինդեքսը կազմելիս մասնագետները հաշվի են առել երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, կյանքում ընտրություն կատարելու ազատությունը, առատաձեռնությունն ու կաշառակերությունը։

Աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդը դանիացիներն են, ապա՝ շվեյցարացիները, ովքեր անցյալ տարի ամենաերջանիկն էին։

Այս տասնյակը համալրում են սկանդինավյան երկրների ներկայացուցիչները. երրորդ հորիզոնականում իսլանդացիներն են, ապա՝ նորվեգացիները, ֆինները, շվեդները, թեև այս ժողովուրդների շրջանում բարձր է ինքնասպանությունների թվի մակարդակը։

Երջանիկ ժողովուրդների տասնյակում են կանադացիները, հոլանդացիները, ավստրալացիները և Նոր Զելանդիայի բնակիչները։

Ինչպես և անցյալ տարի, հետխորհրդային երկրների ժողովուրդներից ամենաերջանիկը ուզբեկներն են. Ուզբեկստանը զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը, ապա Մոլդովան է՝ 55-րդ տեղում, և Ռուսաստանը՝ 56-րդ։ Բելառուսը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը, որին էլ հաջորդում է Թուրքմենստանը։

Այսպիսով, հետխորհրդային այն երկրներում, որտեղ համեմատաբար մեծ է խոսքի ազատությունը, ցածր է երջանկության ցուցանիշը, և հակառակը։

Բռնապետական կառավարման համակարգով աչքի ընկնող Ուզբեկստանը, Ղազախստանը, Բելառուսը, Թուրքմենստանը փաստացի ավելի երջանիկ են, օրինակ, Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, որտեղ բնակչությունը ազատորեն քննադատում է իշխանություններին, պահանջում պայքարել կոռուպցիայի դեմ, բարձր է անձնական ազատության արժեքը, փոխարենը՝ ցածր է ՀՆԱ-ի մակարդակը, երջանիկ լինելու զգացումը։

Երջանկության սանդղակի ամենաստորին հորիզոնականները զբաղեցնում են Բենինը, Աֆղանստանը, Տոգոն, Սիրիան և Բուրունդին։

XS
SM
MD
LG