Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ում շարունակվում է հայանպաստ հարցերի առաջմղման արշավը


Սպիտակ տունը Վաշինգտոնում

Սպիտակ տունը Վաշինգտոնում

«Հանդիպում ենք թե՛ հայկական ծրագրերին սատարող կոնգրեսականներին, թե՛ այն կոնգրեսականներին, որոնք մեզ զորավիգ չեն», - ասում է Հայ դատի գրասենյակի խոսնակը:

Արդեն չորրորդ օրն է Միացյալ Նահանգներում շարունակվում է հայանպաստ հարցերի առաջմղման արշավը։ Դրա մասնակիցները՝ զանգահարելով, անձնական հանդիպումներով, հորդորում են ԱՄՆ-ի կոնգրեսականներին՝ աջակցել նախագահ Բարաք Օբամային ուղղված երկու նամակներին։

Նամակներից մեկը, հիշեցնենք, վերաբերում է ամերիկացի կոնգրեսականներ՝ Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսի և Նյու Յորքից դեմոկրատ Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը, որոնք, հիշեցնենք, հայ - ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը կանխելուն միտված երեք կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել: Մյուս նամակը վերաբերում է Ամերիկայի արտաքին օժանդակությանը՝ ուղղված Հայաստանին և Ղարաբաղին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն հանդիպումներ են ունեցել Կապիտոլիումում, և այդ հանդիպումները դեռ շարունակվում են։

«Հանդիպումները՝ թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում, հիմնականում տեղի են ունենում Ղարաբաղի, Հայաստանի և Ամերիկայի հարաբերությունների հզորացման, Հայոց ցեղասպանության արդար լուծման շուրջ։ Հանդիպում ենք թե՛ հայերի խնդիրներին ծանոթ ու հայկական ծրագրերին սատարող կոնգրեսականներին, թե՛ այն կոնգրեսականներին, որոնք մեզ զորավիգ չեն, որոնք իրականության մեջ առաջին անգամ են լսում հայերի խնդիրների մասին, նրանց տեղեկացնում ենք Ղարաբաղի արդար իրավունքների մասին, Ադրբեջանի շարունակական հարձակումների մասին», - ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը։

Անդրադառնալով այս քննարկումներին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության մասնակցությանը, Չուլջյանը նշեց. - «Երեքշաբթի երեկոյան Կապիտոլիումում տեղի ունեցավ հատուկ ձեռնարկ կոնգրեսականների հետ, որտեղ ելույթ ունեցան նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Երկուսն էլ շատ կարևոր թեմաներով խոսեցին՝ Արցախի ազատության վերաբերյալ։ Կարևոր քայլերը, որ ամերիկյան կառավարությունը կարող է անել, որ պետք է ճշտումներ անել, դիպուկահարներին հետ քաշել և Ալիևի վրա պետք է ճնշումը դնել, որպեսզի կարողանանք դադարեցնել այդ հարձակումները։ Երկու մեր՝ Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները այդ թեմաներով շատ հստակորեն խոսեցին»։

Նա նշեց, որ Վաշինգտոնում է նաև Ստեփանակերտում գտնվող Lady Cox վերականգնողական կենտրոնի ղեկավարը՝ Վարդան Թադևոսյանը։ «Նա խոսեց, թե որքան կարևոր է շարունակել ամերիկյան օժանդակությունը Արցախին, որպեսզի կարողանան Արցախում այդ բուժկենտրոնը հզորացնել», - ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը։

XS
SM
MD
LG