Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Կիպրոսի արքեպիսկոպոսի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Կիպրոս - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է «Նարեկ» վարժարան, Նիկոսիա, 16-ը մարտի, 2016թ․

Կիպրոս - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է «Նարեկ» վարժարան, Նիկոսիա, 16-ը մարտի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի վերջին օրը` երեկ, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի արքեպիսկոպոս Խրիզոստոմոս երկրորդի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է միջկրոնական համերաշխությունն ու միմյանց հավատքի նկատմամբ հարգանքը, որը, նրա բնորոշմամբ, հայ-կիպրական անխախտ բարեկամության հիմնասյուներից է:

Ընդգծելով, որ հայ և կիպրացի ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ համակրանքը պայմանավորված է նաև համամարդկային միևնույն արժեքներին հավատարմությամբ ու հարգանքով, նախագահը նշել է, որ այդ արժեքների սերմանման ու պահպանման կարևորագույն առաքելությունը դարեր շարունակ իրականացրել է եկեղեցին, իսկ հայ ժողովրդի պատմության մի ժամանակահատվածում, երբ նա չի ունեցել պետականություն, հայոց եկեղեցին որոշ չափով իր վրա է վերցրել նաև պետության դերը: Նա համոզմունք է հայտնել, որ մեր օրերում էլ հոգևոր արժեքների ամրապնդման հարցն առանձնակի կարևորություն ունի, նկատի առնելով, որ համաշխարհայնացման գործընթացները լի են ոչ միայն դրական, այլև բազմաթիվ բացասական հետևանքներով, որոնց դիմակայելը ժամանակի հրամայական է հատկապես փոքր ժողովուրդների համար՝ ազգային ինքնության, մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման տեսանկյունից։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին, եկեղեցուն և բարեկամ կիպրացի ժողովրդին` հայ ժողովրդի և հատկապես Կիպրոսում բնակվող հայերի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Համայն Կիպրոսի արքեպիսկոպոսը փաստել է, որ պատմականորեն եղբայրական ջերմ հարաբերություններ են հաստատվել հայերի հետ: Նրա խոսքով՝ Կիպրոսի եկեղեցին գերազանց հարաբերություններ ունի ամբողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում` հայոց եկեղեցու հետ, և այդ հարաբերությունները նպաստում են նաև միջպետական կապերի ամրապնդմանը: Արքեպիսկոպոսը վստահություն է հայտնել, որ եղբայրական հայ և կիպրացի ժողովուրդներին ապագայում ավելի լավ օրեր են սպասում, և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանին և նրա բարեկամ ժողովրդին:

Նույն օրը Սերժ Սարգսյանը Նիկոսիայում այցելել է հայկական «Նարեկ» վարժարան, ծանոթացել կրթական այդ հաստատության պայմաններին ու ծրագրերին, ունկնդրել վարժարանի սաների կատարմամբ Հայաստանի նախագահի այցի առթիվ պատրաստված մշակութային ծրագիրը: Նախագահը ծաղկեպսակ է դրել վարժարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այցելել է եկեղեցի, ապա հանդիպում ունեցել Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտի 16-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG