Մատչելիության հղումներ

Սեֆիլյան. Իշխանափոխությունն, անշուշտ, ուժի մեջ է


Ժիրայր Սեֆիլյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդի խոսքով՝ պայքարը լինելու է փողոցում։

Ընդվզման կրակը պետք է վառ պահել և սպասել բռնկման, հայտարարում է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

«Իշխանափոխությունն, անշուշտ, ուժի մեջ է։ Իշխանափոխությունն այստեղ ցանկության խնդիր չէ, ես կասեի՝ հայ ժողովրդի գոյատևման համար օրինաչափություն, այսինքն՝ եթե հայությունը պետք է գոյատևի, ապա իշխանափոխությունն անխուսափելի է։ Այս իմաստով ես լավատես եմ, և բավական հասունացած է ամեն ինչ, որի շուրջ մենք կխոսենք, ես ասուլիս ունեմ այս ընթացքում, այս ամենի մասին կխոսենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սեֆիլյանը։

Նա նշեց, որ «Նոր Հայաստան»-ն այն ուժն է, որ չի պատրաստվում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«Ամսի 18-ին հերթական հանրահավաքն է լինելու, պայքարը շարունակվում է, մենք այն ուժն ենք, որ չենք պատրաստվում 17-ի ընտրություններին՝ շատ լավ համոզված լինելով, որ որևէ ընտրությունների միջոցով բռնատիրական ռեժիմի օրոք արդյունքի հասնել հնարավոր չէ, ուստի պայքարը լինելու է փողոցում։ Եթե այժմ մեր պարբերական հավաքները փողոցում բոլորի համար շատ հստակ չեն, ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո կհստականա։ Այստեղ կարևորը պայքարից հետ չկանգնելն է և ժողովրդին անընդհատ, այսպես ասած, հավանաբար ընդվզման կրակը վառ պահելն է, որով այսօր զբաղված ենք՝ վստահ լինելով, որ ուշ չէ, որ այդ բռնկումը տեղի է ունենալու», - ասաց Սեֆիլյանը։

Հարցին, թե մոբիլիզացիոն ինչ-որ պիկի՞ են պատրաստվում, «Նոր Հայաստան»-ի առաջնորդը պատասխանեց. - «Դա գլխավոր օրակարգն է, առանց մոբիլիզացիայի մենք չենք պատկերացնում փոփոխություն։ Ամեն ժամանակ ունի իր մեթոդը, ես կարծում եմ, որ այս ժամանակները ևս ունեն իրենց մեթոդները, որի մասին ես նույնպես կանդրադառնամ՝ ինչ ձևով ենք փորձելու մոբիլիզացնել ժողովրդին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG