Մատչելիության հղումներ

Անցած ամիս Բաղրամյան 26-ից ոստիկանություն տարված ակտիվիստների փաստաբանները գլխավոր դատախազին բողոք են ներկայացրել Հատուկ քննչական ծառայության դեմ, որը մինչ օրս գործ չի հարուցել իրենց աշխատանքը խոչընդոտած ոստիկանների դեմ:

Իրավապահները փետրվարի 24-ին փաստաբաններ Հայարփի Սարգսյանին ու Արա Կարագյոզյանին որոշ ժամանակ թույլ չէին տվել տեսակցել իրենց պաշտպանյալների հետ, ինչն, ըստ փաստաբանների, օրենքի խախտում է, սահմանված պատիժն էլ՝ տուգանքից մինչև 3 ամսվա ազատազրկում:

Փաստաբանները պնդում են՝ ՀՔԾ նաև տեսագրություն են ուղարկել, որտեղ հստակ երևում է, թե որ ոստիկաններն են իրենց իրավունքները խախտել: Քննիչները, սակայն, ոչ միայն անտեսել են տեսանյութը, այլև ոստիկանների դեմ հաղորդումն ուղարկել ոստիկանության ներքին անվտանգության բաժին: Փաստաբանները հիմա հրաժարվում են ոստիկանություն ներկայանալ ու բացատրություններ տալ՝ փաստելով, որ այդ ստորաբաժանումը քրեական գործ հարուցելու լիազորություն չունի և առավելագույնը կարող է իրավապահներին վարչական տույժի ենթարկել։

«Ոստիկանության դեմ ուղղված բողոք է մեր կողմից ներկայացված, իսկ տվյալ դեպքում՝ չեմ կարծում, որ իրենք իրենց ցանկանում են պատժել։ Մեծ ակնկալիքներ չունենք, եթե անգամ գլխավոր դատախազը մերժի մեր բողոքը, մենք հետագա մեր քայլերը շարունակելու ենք», - ասում է Հայարփի Սարգսյանը։

Արա Կարագյոզյանը հավելում է՝ իրենց նպատակն է հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և նախադեպային որոշում ստեղծել, որպեսզի այլևս նմանատիպ դեպքեր չկրկնվեն։

Հատուկ քննչական ծառայությունն արդեն 2-րդն օրն է՝ չի պատասխանել «Ազատության» գրավոր հարցմանը, թե ի՞նչ հիմքով է ոստիկանների դեմ հաղորդումն ուղարկվել ոստիկանություն: Դատախազությունից էլ փոխանցեցին՝ փաստաբանների դիմումին պատասխանել են երկու օր առաջ՝ առանց մանրամասնելու բովանդակությունը: Մինչ օրս փաստաբաններն այն չեն ստացել:

XS
SM
MD
LG