Մատչելիության հղումներ

Ստամբուլում դիմակավորված անձինք թալանել են հայ պրոֆեսորի առանձնատունը


Տեսարան Ստամբուլից

Տեսարան Ստամբուլից

Դիմակավոր երեք անձինք Ստամբուլում մարտի 15-ին թալանել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի՝ Էմիրգանում գտնվող առանձնատունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ակօս» (Ակոս) պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ հանցագործության պահին Հակոբ Կոթողյանը տանը չի եղել, հանցագործները կապկպել են պրոֆեսորի կնոջը՝ 63-ամյա Սուզան Կոթողյանին և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Չդիմանալով կտտանքներին՝ Կոթողյանը հայտնել է այն:

Հանցագործները չհրկիզվող պահարանից հանել են 1.5 միլիոն թուրքական լիրա՝ շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլար և փախել:

Կինը ահազանգել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները վերցրել են տեսաձայնագրությունները: Կոթողյանին տեղափոխել են հիվանդանոց:

Փետրվարի 6-ին, հիշեցնենք, Ստամբուլում կրկին երեք անձինք մտել էին պոլսահայ տարեց ամուսիններ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի Շիշլիի Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող բնակարան, պարաններով կապել տանտերերի ոտքերն ու ձեռքերը և հափշտակել տանը եղած թանկարժեք իրերն ու խոշոր գումարը:

Կապանքների և ստացած հարվածների հետևանքով Հակոբ Դեմիրջին մահացել է, իսկ նրա կինը՝ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG