Մատչելիության հղումներ

Սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը փնտրում են Ժնևում


Ռուսական ռազմական ինքնաթիռը լքում է Սիրիան, 16-ը մարտի, 2016թ․

Ռուսական ռազմական ինքնաթիռը լքում է Սիրիան, 16-ը մարտի, 2016թ․

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին գոհունակություն է հայտնում՝ Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցն առաջ մղելու պատրաստակամության համար: Այսօր այս հայտարարությամբ է հանդես եկել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ավելացրել, որ հիմա Մոսկվան ու Վաշինգտոնը կենտրոնացել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցի վրա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսօր Սիրիայում տեղակայված «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայից Ռուսաստանի մշտական կենտրոնակայան է վերադարձել օդուժի նոր խումբ: Ռուսական հեռուստաալիքները ցուցադրում են ռազմական ինքնաթիռների վերադարձը:

Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինին հանդիպելու նպատակով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հրահանգել էր մարտի 15-ից Սիրիայից դուրս բերել ՌԴ հիմնական զինված ուժերը: Պուտինի պնդմամբ՝ ռուս զինվորականների արդյունավետ աշխատանքը հիմք է հանդիսացել խաղաղ գործընթացի մեկնարկի համար։ ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ զորքերի դուրսբերումը խթան կհանդիսանա Սիրիայի քաղաքական ուժերի միջև երկխոսության համար։

Ջոն Քերրին, սիրիական պատերազմի ավերածությունները գնահատելով, նշել է, որ սիրիական պատերազմն ամենաակնառու մարդկային աղետն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը հանգեցրել է քաոսի, ավերածությունների:

«Բայց այսօր, երբ մենք նշում ենք այս սարսափելի պատերազմի 5-րդ տարելիցը, մենք կարող ենք ունենալ լավագույն հնարավորությունը՝ դրան վերջ դնելու համար»,- ասել է Քերրին:

Պետքարտուղարը նաև ձեռնպահ է մնացել պնդել, որ Սիրիայում ամբողջությամբ դադարեցվել են ռազմական գործողությունները, միևնույն ժամանակ նշել է, որ դրանց շարունակության դեպքում կլինի համապատասխան արձագանք: «Բայց միևնույն ժամանակ պարզ է, որ բռնությունները Սիրիայում նվազել են, շատ նշանակալիորեն կրճատվել, մարդասիրական օգնության հնարավորությունն աճել է»:

Արաբական երկրների լիգան ողջունել է Ռուսաստանի որոշումը Սիրիայից ռազմական ուժը հետ քաշելու վերաբերյալ: Լիգան միևնույն ժամանակ դիմել է ՄԱԿ-ին՝ հորդորելով միջնորդությամբ վերջ դնել սիրիական պատերազմին:

Այսօր Ժնևում շարունակվում են բանակցությունները սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման նպատակով: Սիրիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հարցը քննարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ սիրիական կառավարության և ընդդիմության միջև գրավոր համաձայնության որոշակի մակարդակի հանգել են, միևնույն ժամանակ ավելացրել է՝ «բայց կարևոր տարաձայնությունները մնում են»:

Ժնևում բանակցությունները վերսկսվել էին երկուշաբթի, այսօրվա հանդիպումն առաջինն է ռուսական ռազմական ուժը Սիրիայից հետ քաշելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG