Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանի կուսակցությունում «շատ հայտնի դեմքեր են լինելու»


ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյան, արխիվ

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյան, արխիվ

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվող նոր քաղաքական ուժը 2017-ի ընտրություններից հետո զգալի ներկայություն կունենա հաջորդ խորհրդարանում, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ ընդգծելով, որ նորաստեղծ կուսակցությունում շատ հայտնի դեմքեր են ներգրավված լինելու:

«Վստահ եմ, որ 2017-ին կուսակցությունը լուրջ ներկայությամբ կհայտնվի խորհրդարանում»,- ասաց Մարգարյանը․- «Կուսակցությունը իր անդամներով, քաղաքական թիմով է լինում հզոր և տանող ուժ: Անշուշտ, բավականին շատ հայտնի դեմքեր կլինեն կուսակցության մեջ: Կլինեն մարդիկ, որոնք ճանաչված են»:

Թե ովքեր են լինելու կուսակցության այդ ճանաչված դեմքերը, Ստեփան Մարգարյանը չմանրամասնեց՝ միաժամանակ անիմաստ համարելով պատասխանել այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ կուսակցության միջոցով վերադառնա ակտիվ քաղաքականություն։ Մարգարյանի համոզմամբ՝ քաղաքական ուժի գործունեությունը ցույց կտա, թե ով կա նրա թիկունքում, ով՝ ոչ:

Դիտարկմանը, որ կուսակցություն ստեղծելու համար ֆինանսական մեծ միջոցներ են հարկավոր, Մարգարյանն արձագանքեց՝ «պետք է փորձենք հայթայթել»․- «Հիմա չեմ կարող ասել որտեղից»:

Ստեփան Մարգարյանն, ով թեև 2012-ից ԲՀԿ խմբակցության անդամ է և 1998-ից «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահը, նույնպես սերտորեն համագործակցելու է Վարդան Օսկանյանի կուսակցության հետ․ թե ինչ կարգավիճակով, ասաց՝ առաջիկայում կհստակեցվի: Ամեն դեպքում Մարգարյանը պնդում է՝ երկրում համատարած հուսալքման և լճացման պայմաններում Օսկանյանի քաղաքական ուժի պահանջարկն այսօր կա, և ընտրություններին ընդառաջ ամեն ինչ անելու են, որպեսզի հասարակությանը ցույց տան, թե գործ ունեն մի ուժի հետ, որն իսկապես ուզում է երկրում փոփոխություններ իրականացնել:

«ԲՀԿ-ի միջոցով հնարավո՞ր չէր փոփոխություններ իրականացնել»: «Անկեղծ ասած, չէի ուզենա անդրադառնալ ԲՀԿ-ին»,- պատասխանեց պատգամավորը:

Ստեփան Մարգարյանին հարցրեցինք, թե նորաստեղծ կուսակացությունը ո՞ր դաշտում է գործելու՝ արմատակա՞ն, թե՞՝ կառուցողական ընդդիմության, և հաշվի առնելով, որ նախկին արտգործնախարարը մշտապես աչքի է ընկել գործող իշխանությունների հասեցին հնչեցրած սուր քննադատությամբ, արդյոք իշխանափոխության պահանջով հանդես գալո՞ւ է:

«Կուսակցությունը դնելու է հարցեր լուծելու պահանջ: Ես համագործակցելու եմ կուսակցության հետ, եթե գնում ենք հարցեր լուծելու ճանապարհով, ոչ թե թշնամիներ հայտարարելով երկրում, ոչ թե ինչ-որ մեկի փորը թափելով, ինչ-որ մեկին հայտարարելով թշնամի և այլն: Ո՛չ»,- ասաց Մարգարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունները չե՞ն ստվերի Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը՝ հաշվի առնելով, որ Օսկանյանն այն ժամանակ արտգործնախարարի պաշտոնում պաշտպանում էր գործող իշխանություններին և արդարացնում ոստիկանության գործողությունները, Ստեփան Մարգարյանն ասաց, թե Օսկանյանը որևէ մեղք չունի այդ արյունալի իրադարձությունների համար, ոչ հրաման է տվել, ոչ էլ զորք տեղաշարժել:

«Ես նրա մեղքը չեմ տեսնում էդտեղ, իր մեղքը պաշտոնյա լինելն է այդ ժամանակ: Եթե այդպես վերցնենք, ցանկացած պաշտոնյա պատասխանատվություն է կիսում, և ինքը ասում է, որ պաշտոնյա լինելով պատասխանատու է, ինքը նույնիսկ շատ ճիշտ պատճառաբանեց, որ «իմ ելույթը կապված էր պաշտոնյա լինելու հետ, փորձել եմ անել մի բան, որ երկխոսություն, համագործակցություն լինի, երբ բանը բանից անցնում էր»: Մարտի 1-ին Վարդան Օսկանյանը դեպքերի վրա ազդելու որևէ լծակ չուներ, ո՛չ հրաման տվող էր, ո՛չ բանակ, զորք, իրավապահ համակարգ տեղաշարժող էր»,- ասաց Մարգարյանը:

XS
SM
MD
LG