Մատչելիության հղումներ

Ազգային փոքրամասնությունների համար անորոշ են ԸՕ նախագծի՝ իրենց վերաբերող դրույթները


Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար դեռ անորոշ են Ընտրական օրենսգրքի նախագծի՝ իրենց վերաբերող դրույթները, որոնց համաձայն կուսակցությունների ու դաշինքների համապետական ցուցակների երկրորդ մասում պետք է ունենան թեկնածուներ։

Ըստ առաջարկվող փաստաթղթի, կուսակցությունները պետք է համապետական ընտրացուցակների առաջին մասում ընդգրկեն առնվազն 80, առավելագույնը՝ 300 թեկնածու, երկրորդ մասում՝ ներկայացուցիչներ ունենան չորս ազգային փոքրամասնություններից, որոնք նախորդ մարդահամարի տվյալներով՝ առավել մեծ մշտական բնակչությունն են ունեցել։

Խորհրդարանում պատգամավոր ունենալը լավ է, բայց ցուցակի անցողիկ մասում հայտնվելը՝ քիչ հավանական, ասում է «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Կնյազ Հասանովը։

«Եթե կուսակցությունը վերցնի, գցի, ենթադրենք, 15-րդ, 60-րդ, 70-րդ տեղերում, բնական է, որ էստեղ հարցականի տակ է դրվում տվյալ ազգային փոքրամասնության ներկայացուցչի անցնելը որպես պատգամավոր: Սա նշանակում է՝ ավելի լավ է տվյալ ազգային փոքրամասնությունը չառաջադրվի»,- կարծիք հայտնեց Հասանովը:

Վերջին մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ամենամեծ 4 ազգային փոքրամասնությունները եզդիներն են (35.308 մարդ), ռուսները (11.911մարդ), ասորիները (2769 մարդ) և քրդերը (2162 մարդ):

Ամենամեծի՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ Սաիդ Ավդալյանն ու քուրդ Կնյազ Հասանովը կարծում են՝ ազգակիցները ոչ բոլոր կուսակցությունների ցուցակներում կցանկանան ընդգրկվել։

«Մենք տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցությունը այս երկրում հիմնական իշխող ուժն է, և կարծում եմ, որ ընդդիմադիր կուսակցություններում եզդի պատգամավորի թեկնածու ընդգրկվելը չի բխում եզդիական համայնքի շահերից»,- ասաց «Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ի նախագահ Ավդալյանը:

«Ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանամետ, մեր բոլոր հարցերը լուծվում են իշխանությունների հետ»,- հավելեց Հասանովը:

Ընտրական օրենսգրքի նախագծում հստակ չէ՝ ինչ է սպառնում այն ուժերին, որոնք չեն կարողանա թեկնածուներ առաջադրել ազգային փոքրամասնություններից, օրինակ՝ գաղափարական տարաձայնությունների պատճառով:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է՝ դա քաղաքական ուժի խնդիրն է, ոչ թե օրենսդրության բացթողումը։

«Եթե մի քաղաքական ուժ չունի 2000 մարդ, որ դնի վստահված անձ, չունի 2000 մարդ, որ նշանակի հանձնաժողովի անդամ, բնականաբար, այդ մտավախությունը պետք է ունենա, որ չի կարող ազգային փոքրամասնություններից թեկնածուներ ընդգրկել: Դա գալիս է քաղաքական ուժի հեղինակությունից: Այսինքն բոլոր ազգային փոքրամասնությունները իշխանամե՞տ են»,- ասաց նա:

Հստակ չէ նաև հարցը, թե ինչպե՞ս է որոշվելու թեկնածուների ազգային պատկանելիությունը: Վահրամ Բաղդասարյանը ազգությունը պարզելու հարցում խնդիր չի տեսնում․- «Տվյալ հանձնաժողովը հարցում է կատարում համապատասխան մարմիններին, և նրա իսկությունը տալիս են: Երբ որ ներկայացնում են թեկնածուին, պատկան մարմինները պետք է տեղեկանքներ տան»:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր միայն նույնականացման քարտերում է նշվում քաղաքացու ազգությունը, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը մտահոգություն ունի, որ հին անձնագրով առաջադրվողների դեպքում ազգությունը պարզելը լրացուցիչ խնդիր է լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG