Մատչելիության հղումներ

Երևանում է ՍԾՏՀ ԽՎ ադրբեջանցի գլխավոր քարտուղարը


Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր հանդիպել է Սևծովյան տնտեսական հանձնաժողովի Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի շրջանակում Հայաստան այցելած ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նաղդալյանը նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ը, որի գործունեության ձևաչափը միտված է տնտեսական համագործակցության ամրապնդմանը, լավագույն հիմքն է ժողովուրդների միջև առկա վիճելի խնդիրների քննարկման և լուծման համար: Նրա համոզմամբ՝ տարածաշրջանային համագործակցության շնորհիվ է միայն հնարավոր փոխադարձ վստահության դաշտ ձևավորել, որը հիմք կարող է հանդիսանալ նաև քաղաքական երկխոսության համար:

Նաղդալյանը կարևորել է ՍԾՏՀ ԽՎ-ի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը և ընդգծել, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման համար ներդրումները խթանելու և ընդլայնելու անհրաժեշտություն կա, հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:

Անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ-ի հանձնաժողովի նիստի աշխատանքներին՝ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծել է, որ նիստում քննարկվելու են փախստականներին և միգրացիային վերաբերող հարցեր, որոնք այսօր մարտահրավեր են ողջ մարդկության համար:

Հաջիևը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ՍԾՏՀ ԽՎ-ի աշխատանքներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ-ի հռչակագրի թարմացմանը՝ նա հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի այն:

Նաղդալյանը նշել է, որ կծանոթանա հռչակագրի դրույթներին և կքննարկի հարցը ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:

Ասաֆ Հաջիևը ադրբեջանցի է, նախկինում գլխավորել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակությունը, Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ է, ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել անցած տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG