Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է ընտրություններին ընդառաջ՝ նոր լիազորություններ տալ ՀՌԱՀ-ին


Խոսքի ազատության պաշտպաններն ահազանգում են՝ հեռուստաընկերություններին լուրջ վտանգ է սպառնում

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Կառավարությունը Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ է առաջարկում, որոնք, լրագրողական կազմակերպությունների պնդմամբ, կկաշկանդեն լրատվամիջոցներին և մահակ կդառնան իշխանության ձեռքում:

Կառավարության նախագիծը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ ՀՌԱՀ-ին, իրավունք է տալիս տուգանել և անգամ ժամանակավորապես կասեցնել լիցենզիան, եթե հեռարձակողը քարոզարշավի ժամանակ երկու անգամ խախտել է օրենսդրությունը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ում ղեկավարած կազմակերպությունը տարիներ շարունակ մշտադիտարկել է լրատվամիջոցների աշխատանքը ընտրությունների ժամանակ, վստահ է՝ նախագիծը կամայական որոշումների իրավունք է տալիս ՀՌԱՀ-ին, որն առանց այն էլ վստահություն չի վայելում․ - «Շատ լուրջ վտանգ է սպառնում այն հեռուստաընկերություններին, որոնք ցանկանում են ամբողջությամբ, թափանցիկ և սուր ձևով լուսաբանել ամբողջ նախընտրական գործընթացը: Փաստորեն՝ այդպիսի օրենսդրական դրույթներով մենք դարձնում ենք քարոզարշավը շատ զգուշավոր, անհետաքրքիր, բանավեճերից զուրկ: Իհարկե, այդպիսի պայմաններում ակնկալել, որ ընտրողները կկարողանան գիտակցված և իրազեկ ընտրություն կատարել, շատ դժվար է»:

Լրատվամիջոցը, ըստ նախագծի, կարող է զրկվել եթերից, եթե, օրինակ, ՀՌԱՀ-ը երկու անգամ արձանագրի, որ խտրական վերաբերմունք է դրսևորել թեկնածուների, կուսակցությունների նկատմամբ կամ չի ապահովել անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն:

Առանց դատարանի մասնակցության լիցենզիայի կասեցումը բավականին լուրջ սահմանափակում է խոսքի ազատության ...
Բորիս Նավասարդյան

Նավասարդյանը ընդգծում է՝ այսպես վտանգի տակ են հայտնվում հատկապես ուղիղ եթերները․ թեկնածուների, կուսակցությունների ներկայացուցիչները կարող են հանդես գալ սադրիչ հայտարարություններով՝ պատասխանատվության տակ դնելով լրատվամիջոցին: Ըստ մասնագետի՝ ստացվում է՝ եթերից չզրկվելու համար հեռարձակողը պետք է կաշկանդված աշխատի, իսկ ՀՌԱՀ-ն էլ դատավոր դառնա նրա գլխին:

«Առանց դատարանի մասնակցության լիցենզիայի կասեցումը բավականին լուրջ սահմանափակում է խոսքի ազատության», - ասում է Նավասարդյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ևս վստահ է, որ ՀՌԱՀ-ին դատավորի լիազորություններ տալով՝ թիրախ են դարձնում ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերի հետ ասոցիացվող լրատվամիջոցները։ Նա հիշեցնում է, թե ինչ ճակատագրի արժանացավ «Ա1+» հեռուստաընկերությունը նույն ՀՌԱՀ-ի որոշումների արդյունքում:

«ՀՌԱՀ-ը ընկալվում է որպես իշխանության մարմին և ոչ թե անկախ կառույց: Նրա հրահանգները հեռուստաընկերությունները, որպես կանոն, շատ ուշադիր կատարում են, որպեսզի չարժանանան նույն «Ա1+»-ի ճակատագրին», - նշում է Մելիքյանը:

Ընդդիմադիր հայացքներով հայտնի «Լոռի TV»-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանի համար խնդրահարույց են «անկողմնակալ», «խտրական» եզրույթները, հատկապես, որ նախագծում չի հստակեցվում, թե որոնք են չափորոշիչները:

«Ես զարմանում եմ, թե էդ ո՞նց պիտի դիտարկեն, դրա համար մշտադիտարկում է հարկավոր՝ 24-ժամյա դիտարկում», - նշում է Ավետիսյանը:

Խոսքի ազատության պաշտպաններին անհանգստացնում է նախագծում առկա ևս մեկ դրույթ, համաձայն որի՝ քարոզչության ժամանակ կաբելային հեռուստաընկերությունները պարտավոր են վերահեռարձակել միայն ՀՌԱՀ-ի կողմից արտոնագրված վերգետնյա եթերային հեռուստաընկերությունների ծրագրերը: Երևանի մամուլի ակումբի նախագահի պնդմամբ՝ սահմանափակվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլև սպառողների իրավունքը:

«Եվ ընդհանրապես՝ շատ անորոշ և կամայական որոշումների հնարավորություն տվող դրույթ է, որը վկայում է, որ հեղինակների հիմնական նպատակը ոչ թե կառուցողական մոտեցում ցուցաբերելն է ընդհանրապես ընտրական օրենսդրության նկատմամբ, այլ հնարավորինս վերահսկելի դարձնելը այն բոլոր ինստիտուտները, որոնք ներգրավված են ընտրությունների լուսաբանման մեջ», - ասում է Բորիս Նավասարդյանը:

ՀՌԱՀ-ին լրացուցիչ լիազորություններ տալը ավելի շատ թաքնված գրաքննություն է հիշեցնում ...
Աշոտ Մելիքյան

Ըստ մեր զրուցակիցների, առանց այս փոփոխությունների էլ ՀՌԱՀ-ը ունի լծակներ, որոնք, սակայն, չի գործածում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցնում է բազմաթիվ դեպքեր, երբ լիցենզիայի պայմանները կոպտորեն խախտող, իշխանություններին գովերգող հեռուստաընկերությունները երբևէ պատասխանատվության չեն ենթարկվել։

«ՀՌԱՀ-ի այսօրվա լիազորությունները լիուլի բավարար են, որպեսզի խախտումների դեմը առնի, և լրացուցիչ լիազորություններ տալը ավելի շատ թաքնված գրաքննություն է հիշեցնում», - ընդգծում է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG