Մատչելիության հղումներ

Թուրքիան չի ցանկանում համագործակցել Բուլղարիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երեք համայնքի հետ


Բուլղարիա - Բուրգաս
Բուլղարիա - Բուրգաս

Այդ համայնքները հնարավոր է զրկվեն Եվրամիության ծրագրով ֆինանսավորումից։

Հայկական հարցերի նկատմամբ պաշտոնական Անկարայի կոշտ դիրքորոշման պատճառով Եվրամիության ծրագրերից մեկի ֆինանսավորումից զրկվում են Բուլղարիայի հարավային շրջանների երեք համայնքներ։

Թուրքիան չի ցանկանում համգործակցել Բուլղարիայի Բուրգաս, Հասկովո և Սվիլենգրադ համայնքների հետ, որովհետև այդ համայնքները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Բուլղարիայի հանրային հեռուստաընկերությունը օրերս հաղորդել է, որ այդ համայնքները զրկվում են Եվրամիությունից գումարներ ստանալու հնարավորությունից Եվրամիության անդամ չհանդիսացող Թուրքիայի խոչընդոտների պատճառով։ Խոսքը մի քանի միլիոն եվրո ստանալու հնարավորությունից զրկվելու մասին է, որի միջոցով նախատեսվում էր բնապահպանական մի քանի կարևոր խնդիրներ լուծել։

«Բուլղարիայի համար սա դիվանագիտական և տնտեսական սկանդալ է», - գրում է EurActiv կայքը, որը լրատվություն է տարածում կենտրոնական և արևելաեվրոպական երկրների 12 լեզուներով։

Բուլղարիայի Հասկովո համայնքում յուրաքանչյուր տարի գետերը քանդում են ամբարտակներ, կամուրջներ, գյուղեր են հեղեղվում, և տեղական իշխանությունները հույս ունեին Եվրամիության գումարներով լուծել այդ խնդիրը։ Սակայն Թուրքիայի սահմանամերձ Էդիրնե համայնքը հրաժարվում է համագործակցությունից, ինչի պատճառով Եվրամիության ծրագիրը չի կարող իրականացվել։ Տրանս-սահմանային այդ ծրագրով գումար է հատկացվում միայն այն դեպքում, եթե երկու կողմի համայնքները ընդգրկված են նույն ծրագրում։

Էդիրնեի քաղաքապետ Ռեջեփ Գյուրքանն ասել է, թե համագործակցությունն արգելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, քանի որ Հասկովոյի տեղական խորհուրդը անցյալ տարի որոշում էր ընդունել քաղաքի զբոսայգին կոչել Հայոց ցեղասպանությանն առնչվող անվանումով։

Նա բուլղարացիներին խորհուրդ է տվել վերանայել այդ որոշումը՝ ասելով, որ եթե Հասկովոյի քաղաքային խորհուրդը զբոսայգու անվանումը փոխի, իրենք կվերսկսեն համագործակցությունը։ Քաղաքապետը նշել է, որ նման բան արդեն արել է Բուլղարիայի Յամբոլիի քաղաքապետարանը։

Սակայն Հասկովոյի քաղաքապետն ասել է. - «Ոչ ոք մեզ չի կարող խանգարել անվանակոչելու մեր փողոցներն ու զբոսայգիները»։

Ինչ վերաբերում է երկու մյուս համայնքներին, ապա Բուրգասի և Սվիլենգրադի քաղաքային խորհուրդները Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներ էին ընդունել։

Բրյուսելը ոչինչ չի կարող անել, քանի որ տրանս-սահմանային ծրագիրը համագործակցության երկու կողմ է նախատեսում։ Այս հարցը լրագրողներից մեկը բարձրացրել է Եվրահանձնաժողովի մարտի 15-ի ճեպազրույցում, սակայն հարցի պատասխանում որևէ մեկնաբանություն, որևէ գնահատական չի տրվել։

Բուլղարական հեռուստաընկերության հաղորդմամբ, Անկարայի քաղաքական խաղերի պատճառով մեծ է ռիսկը, որը բուլղարական համայնքները կորցնեն Եվրամիության ֆինանսավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG