Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն այցելում է Կիպրոս


Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Նիկոսիա, 15-ը մարտի, 2016թ․

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Նիկոսիա, 15-ը մարտի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կիպրոս:

Նախագահի նստավայրում դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադեսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում, Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես` երկու երկրների միջև մշակույթի բնագավառում 2016-2018 թվականների համագործակցության ծրագիրը, կրթության և գիտության բնագավառում 2016-2020 թվականների համագործակցության գործնական ծրագիրը, երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:

Հայաստանի և Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարություններով:

Կիպրոսի նախագահը վստահություն է հայտնել, որ այցի արդյունքում ավելի կամրապնդվեն ու կխորանան հայ - կիպրական բարեկամական հարաբերությունները:

«Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և վերահաստատեցինք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև Կիպրոսի և Հայաստանի գերազանց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Մենք հանձնառություն ենք ստանձնել` է՛լ ավելի ամրապնդել և խորացնել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում», - ասել է Անաստասիադեսը:

Նա հայտնել է, որ երկու երկրների միջև մինչ այժմ ստորագրվել են տասնհինգ պայմանագրեր, որոնք ցույց են տալիս Կիպրոսի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը:

«Անշուշտ պետք է նշեմ, որ մեր եղբայրական հարաբերությունների վկայությունն է նաև Կիպրոսում հայկական համայնքի ակտիվ ներկայությունը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի մշակույթին, միևնույն ժամանակ` հպարտությամբ պահպանելով իր մշակույթը, լեզուն և կրոնական ինքնությունը: Մեր հայ հայրենակիցները երկու երկրները շաղկապող շատ կարևոր օղակ են, և նրանց հաջողվում է Հայաստանը մշտապես պահել կիպրոսցիներիս սրտում», - հայտարարել է Կիպրոսի նախագահը:

«Այսօր հաշվի առնելով մեր պատմական, մշակութային և կրոնական կապերը՝ վերահաստատում ենք պատրաստակամությունը շարունակելու և ակտիվացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում` մշտապես հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքներին փոխադարձ հարգանքը: Ասածներիս ապացույցը միաձայն որոշումն էր, որ 2015 թվականի ապրիլի 2-ին ընդունեց Կիպրոսի խորհրդարանը` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը: Մենք Եվրոպական միության անդամ առաջին երկիրն էինք, որ 1982 թվականին ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը: Մեր հնարավորության շրջանակներում և սփյուռքի աշխարհով մեկ սփռված կառույցների միջոցով մենք միավորում ենք մեր ձայնը և դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - ասել է Նիկոս Անաստասիադեսը:

«Բանակցությունների ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մեկս մյուսին տեղեկացնելու թե՛ կիպրական հարցի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Տեղեկացնեմ այն ջանքերի մասին, որոնցով փորձում ենք լուծում գտնել վերամիավորելու Կիպրոսն ու ձերբազատվել բռնազավթողներից` երկգոտի, երկհամայնքային դաշնության շրջանակներում: Մենք մշտապես ջանում ենք, որպեսզի լուծումը հիմնված լինի եվրոպական արժեքների, սկզբունքների վրա` ամբողջովին պահպանելով մարդու իրավունքները կղզու ամբողջ բնակչության` թե՛ հույն, թե՛ թուրք կիպրոսցիների համար: Եվ այն, ինչին մենք ձգտում ենք հասնել, այնպիսի լուծում չէ, որ պետք է ունենա հաղթողներ ու պարտվողներ: Դա մի լուծում է, որ ունի հեռանկար այս կղզու բոլոր քաղաքացիների համար», - հայտարարել է Կիպրոսի նախագահը և շարունակել․ - «Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաև տեղեկանալ իմ լավ բարեկամից և ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը»:

«Իմ ընկերոջ` ՀՀ Նախագահի հետ մենք նաև քննարկեցինք Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր, և ես կրկնեցի, որ Կիպրոսը կայուն կերպով սատարում է բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորացնելու փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև: Կիպրոսը սատարում է Հայաստանին Արևելյան գործընկերության շրջանակներում, որովհետև ձեր երկիրը, պարոն Նախագահ, շատ կարևոր և գնահատելի գործընկեր է և բանակցող: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ հարգում ենք ձեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, ձեր որոշումները և ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին», - հայտարարել է Նիկոս Անաստասիադեսը:

Սերժ Սարգսյանը, իր հերթին, կիպրոսցի գործընկերոջ հետ հանդիպման վերաբերյալ փոխանցել է․ - «Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեցի, որ Կիպրոսի բարեկամ ժողովուրդը անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, վերահաստատեց իր համերաշխությունն ու բարեկամական վերաբեմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Դա դրսևորվեց թե՛ Կիպրոսի բարձր ղեկավարության՝ Նախագահ Անաստասիադեսի և Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Օմիրուի՝ ապրիլի 24-ին Երևան այցելությամբ, թե՛ Կիպրոսի խորհրդարանի կողմից այդ ծանրագույն հանցագործության քրեականացման օրինագծի ընդունմամբ և թե՛ այն բազմաթիվ միջոցառումներով, որ անցկացվեցին ձեր երկրում»։

«Անշուշտ, բարձր գնահատեցի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համապատասխան և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված՝ Կիպրոսի Հանրապետության կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը: Հայաստանն էլ իր հերթին մշտապես բարձրաձայնել է Կիպրական խնդրի արդար կարգավորման անհրաժեշտությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն: Հուսով եմ՝ խանգարողներ չեն լինի, և Նախագահ Անաստասիադեսի կողմից կարգավորման ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը շուտով արդյունքներ կտան», - ասել է Հայաստանի նախագահը:

«Կարևորեցի Կիպրոսի Հանրապետության շարունակական ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության համատեքստում։ Շնորհակալ ենք այս հարցում նաև Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավորների ուշադրության և աջակցության համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Կիպրոսի նախագահի անունից երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

Սերժ Սարգսյանը այսօր Նիկոսիայում մասնակցելու է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության շենքին հարակից պարտեզում Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման արարողությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG