Մատչելիության հղումներ

Նավասարդյան. Վենետիկի հանձնաժողովը չի կարող արգելել ԸՕ որևէ դրույթ մտցնել կամ հանել


Նավասարդյանի կարծիքով, միջազգային փորձագետների դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ բավականին չեզոք է։

Վենետիկի հանձնաժողովը ո՛չ կարող է ստիպել, ո՛չ կարող է արգելել որևէ դրույթ մտցնել, կամ հանել Ընտրական օրենսգրքից, «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները, հիշեցնենք, այս օրերին Հայաստանում հանդիպումներ են ունենում խորհրդարանական խմբակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկումների անցկացնելով նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

Թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքացիական հասարակության հիմնական պահանջը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումն է։

Իշխանությունները, վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի 2003 թվականին հրապարակած դիրքորոշումը, պնդում են, որ արգելվում է ցուցակների հրապարակումը։

Հարցին, թե այդ փորձագետների հետ հանդիպումները ինչի՞ մասին են խոսում, հնարավո՞ր է՝ դիրքորոշման փոփոխություն լինի, Նավասարդյանը պատասխանեց. - «Դա ընդամենը առաջարկություն էր այն ժամանակ՝ ինչ-ինչ իրավիճակից ելնելով, բայց դա չի կարող ընդհանրապես եվրոպական որևէ ինստիտուտի սկզբունքային դիրքորոշում լինել, քանի որ նույն Եվրամիությունում կան երկրներ, որտեղ նույնիսկ այդ հարցը չի էլ բարձրացվում, այդքան ակնհայտ է, որ կարող են ընտրացուցակները, կամ այն փաստաթուղթը, որ մեզ մոտ ընտրամատյան է կոչվում, հրապարակվի, իսկ նույնիսկ կան երկրներ, ասենք՝ Լյուքսեմբուրգում, որտեղ ընտրություններին չմասնակցելը ենթադրում է քրեական պատասխանատվություն քաղաքացու համար, և դա նշանակում է, որ մասնակցել-չմասնակցելու հարցը երբեք սկզբունքորեն գաղտնիք չի կարող լինել։ Այնպես որ, դա չի կարող սկզբունքորեն գաղտնիք լինել նաև Հայաստանում»։

Նավասարդյանի կարծիքով, միջազգային փորձագետների դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ բավականին չեզոք է։ «Նրանք դա թողնելու են ազգային կառույցների որոշմանը և ոչ աջակցելու են քաղաքացիական հասարակությանը կամ ընդդիմությանը այդ հարցում, ոչ էլ աջակցելու են իշխանություններին, որոնք ասում են՝ «ոչ, չենք հրապարակում», այնպես որ՝ դա արդեն ներքին բանակցությունների, ներքին ճնշումների, ներքին պահանջների հարց է դարձել», - ասաց Նավասարդյանը։

«Կարծում եմ՝ բոլորի համար՝ և՛ եվրոպական ցանկացած կառույցի, և՛ ցանկացած փորձագետի համար, որը շահագրգռված է օրինական ընտրությունների մեջ, որպեսզի ընտրությունների նկատմամբ լինի հանրային վստահություն, դա սկզբունք է, որից բարձր երևի շատ քիչ բան կարող է լինել։ Այնպես որ, եթե շատերը Հայաստանում՝ և՛ փորձագետները, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ ընդդիմադիր կուսակցությունները նշում են, որ վստահության համար սա ամենաանհրաժեշտ փոփոխությունն է մեր ընտրական օրենսդրությունում, ուրեմն պարզ է, որ իրենք չեն պնդելու, որ դա անընդունելի է կամ անթույլատրելի», - ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG